Հասարակություն

Ժողովրդագրական խնդրի տեխնոլոգիական լուծումը. ի՞նչ է ցույց տալիս հետազոտությունը

lusinevasilyan

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման  ոչ ստանդարտ լուծումներ է առաջարկում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի կողմից վերջերս իրականացված հետազոտությունը: Ժողովրդագրական առկա վիճակը կրիտիկական որակելով ՝ հեղինակները   կառավարությանն առաջարկում են վերանայել տնտեսության տեխնոլոգիական զարգացման քաղաքականությունը: Նրանք ուղիղ կապ են տեսնում ժողովրդագրական իրավիճակի բարելավման և տեխնոլոգիական զարգացման մեջ:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետազոտական խումբը Հայաստանում ժողովրդագրական վիճակը կրիտիկական է գնահատում՝ շեշտադրելով հայտնի ցուցանիշները ՝ արտագաղթի վտանգավոր աստիճան,  բնական վերարտադրության մտահոգիչ տեմպեր:  Հետազոտության հեղինակներից Գագիկ Հարությունյանը նշում է, որ մտահոգիչը որ միայն բնակչության թվի նվազումն է, այլ նաև՝ բնակչության կազմի փոփոխությունը:

«Եթե երկրորդ հանրապետությունում կար մոտ 1 մլն մարդ, որոնք զբաղվում էին բարդ աշխատանքներով ՝ սկած խառատից վերջացրած ակադեմիկոսներով, այսօր այդ թիվը մոտ 10 անգամ նվազել է: Մոտ 6 անգամ նվազել է նաև գիտնականների թիվը՝ 30 հազարից դառնալով 5-6 հազար»:

Հետազոտության հեղինակները ուղիղ կապ են տեսնում ժողովրդագրական իրավիճակի բարելավման և տեխնոլոգիական զարգացման միջև: Նրանց կարծիքով՝ ժողովրդագրական խնդիրների լուծումը պահանջում է շեշտադրել մտավոր ռեսուրսների զարգացումը: Տրամաբանությունը հետևյալն է՝ մտավոր ռեսուրսների զարգացումը պայմանավորում է տնտեսական տնտեսական զարգացումը, որն էլ՝  իր հերթին ժողովրդագրական ցուցանիշների բարելավման: «Մենք կարծում ենք, որ ժողովրդագրական խնդիրների լուծման միակ ճանապարհը տեխնոլոգիաների զարգացումն է»:

Որ պետք է զարգացնել տեխնոլոգիաների ոլորտը, նոր առաջարկ չէ, նոր է առաջարկի այն մասը, որ հեղինակները դրանց զարգացմամբ են  հնարավոր համարում  ժողովրդագրական խնդիրների լուծումը:  Սա,  ըստ Հարությունյանի, չի նշանակում  մերժել  ժողովրդագրության բարելավման ավանդական եղանակները՝  ծնելիության խթանում, կյանքի տևողության ավելացում, սոցիալական ծառայությունների բարելավում:

Սրանք , հեղինակների կարծիքով, չեն վերացնում արտագաղթի պատճառները: «Դրա համար մենք առաջարկեցինք տեխնոլոգիական զարգացման կոնցեպտ, որը երեք բաղադրիչով ենք պատկերացնում՝  նյութական, ոչ նյութական և հումանիտար տեխնոլոգիաներ»:

Որպեսզի այս առաջարկները որպես մերկապարանոց հայտարարություններ չհնչեն, ուսումնասիրության հեղինակները  ներկայացրել են գիտական հիմնավորումներ, բազմաթիվ թվեր ու փաստեր, նաև բիզնես նախագծեր: Հետազոոտության հեղինակներից Սերգեյ Մանուկյանի գնահատմամբ՝   գիտահետազոտական ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալները բավական մտահոգիչ են և այս ոլորտն ունի  ոչ ստանդարտ բարեփոխումների կարիք։ Միջազգային փորձը վկայում է,  որ տեխնոլոգիապես զարգացած երկրներում աշխտաողների 15-20 տոկոսը ներգարվված է գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Մտավոր պոտենցիալի  օգտագործման առումով հայաստանյան պատկերը, ըստ փորձագետի, ոգևորող չէ։ « Երբ մենք համեմատում ենք գիտական պոտենցիալի գործարկված լիենլը Հայաստանում և Ադրբեջանում, պարզվում է, որ մենք արդեն զիջում ենք: Խոսքը ոչ թե բացարձակ, այլ հարաբերական թվերի մասին է: 1000 բնակչի հաշվով գիտությամբ և տեխնոլոգիաներոզ զբաղվող մարդկանց քանակը Ադրբեջանում 2.5 է, Հայաստանում՝ 1.6-1.7»:

Հետազոտությունն իրականացվել է կառավարության, մասնավորապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ: Հեղինակներն ասում են, որ իրենց առաջարկներն ընդունվել են մեծ հետաքրքրությամբ: Թե ինչ ընթացք կստանան, առայժմ պարզ  չէ:

Հարց հնչեց, թե որպես արտագաղթի վրա ազդող գործոնները չե՞ն դիտարկվել  արդյոք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արդարության, ազատ մրցակցության պակասը, կոռուպցիայի առկայությունը: Գագիկ Հարությունյանի կարծիքով ՝ մտավոր պոտենցիալի զարգացումը օգնում է նաև այս խնդիրների լուծմանը:

Մեկ այլ հարց նույնպես հնչեց .  տարիներ շարունակ ՏՏ ոլորտը կառավարության կողմից որպես  գերակայությույն է ներկայացվում , ի՞նչ նոր բան են առաջարկում անել այս ոլորտում, կամ ի՞նչը մինչև հիմա այնպես չի արվել, որ առաջարկում են փոխել: Սերգեյ Մանուկյանն ասում է, որ ոլորտում մոտեցումների փոփոխության խնդիր կա: Շեշտադրումը, ըստ նրանց, ոչ նյութական կամ ծրագրային ոլորտից պետք է տեղափոխվի տեխնոլոգիաների նյութական ոլորտ:

Ի՞նչ է սա տալու. Սերգեյ Մանուկյանը բացատրում է. «Ուշադրության կենտրոնում պետք է այնպիսի ոլորտներ լինել, ինչպիսիք են   քիմիան, կենսաբանությունը, լազերային ֆիզիկան, ռադոֆիզիկան, որտեղ ոչ թե վիրտուալ՝ այսինքն ծրագրային արդյունք է ստեղծվում, այլ՝ շոշոփելի արդյունք»:

Ցուցադրել ավելի
Back to top button