Միջազգային

Թուրք և սիրիացի երիտասարդների միջև բախումներ են տեղի ունեցել

Նախօրեին Ստամբուլի Գյուվերջինթեփե թաղամասում թուրք և սիրիացի երիտասարդների միջև տեղի ունեցած բախումները վերածվել են սիրիացիների ու նրանց ունեցվածքի վրա շարունակական հարձակումների:

Ըստ թուրքական «Hurriyet»-ի` նախօրեին բախում է տեղի ունեցել վերոնշյալ թաղամասում բնակվող սիրիացի ու թուրք երեխաների միջև, ինչի ժամանակ ըստ լուրերի`մեկ թուրք երեխա է դանակահարվել:

Դեպքից հետո թաղամասի թուրք երիտասարդները հարձակվել են սիրիացիներին պատկանող ճաշարանի ու վարսավիրանոցի վրա` քարուքանդ անելով դրանք: Սիրիացիներին պատկանող այլ խանութների վրա էլ հրազենային կրակ է բացվել: Խառնամբոխը քարերով կոտրել է խանութների ցուցափեղկերը:

Դրանից հետո նոր բախում է տեղի ունեցել երկու կողմերից հավաքված խմբերի միջև, որոնք զինված են եղել քարերով ու մահակներով: Միայն ոստիկանական ստորաբաժանումների ժամանումից հետո են խմբերը ցրվել:

Թաղամասի փողոցներից մեկում էլ հրդեհվել է այն շենքը, որտեղ վարձակալությամբ ապրում էին 30 սիրիացի երիտասարդներ: Հաղորդվում է, որ թաղամասի թուրք բնակիչներից կազմված մի խումբ հարձակվել է նույնիսկ հրդեհը մարելու եկած հրշեջների վրա:

Ըստ աղբյուրի` վերջին 3 տարվա ընթացքում այս թաղամասում վերաբնակեցվել է շուրջ 10.000 սիրիացի: Հաղորդվում է, որ թաղամասում իրադրությունը շարունակում է լարված մնալ:

Աղբյուր`    Ermenihaber.am
Ցուցադրել ավելի
Back to top button