Քաղաքական

Թուրքիայի եւ Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ -ին իրատեսակա՞ն

karenghazaryanlenabadeyan
Որքանո՞վ է իրատեսական Իրանի, Չինաստանի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին ակնարկներ էին արել համապատասխանաբար Հայաստանի եւ Ղազախստանի նախագահները՝ ԵՏՄ բարձրագույն կոլեգիայի նիստում: Թեմային այսօր անդրադարձել են «Հայելի» մամուլի ակումբի հյուրերը: Նրանց դիտարկումները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

 

Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այն կարծիքին է, որ աշխարհն այսօր ցանկանում է Ռուսաստանին տեսնել որպես երկրորդ բեւեռ, հետեւաբար աջակցելու է ԵՏՄ-ին: Միանգամայն հակառակ տեսակետին է նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Դավթյանը նկատեց, որ Հայաստանը թե Իրանի, թե Չինաստանի հետ ունի հրաշալի հարաբերություններ: Իրենց հերթին հրաշալի հարաբերություններ ունեն Իրանն ու Չինաստանը, եւ ԵՏՄ գործընթացի շրջանակներում, ըստ հանրապետական պատգամավորի, առաջիկայում կլինեն որոշակի զարգացումներ:

«Էս ամեն ինչը, ի վերջո, պիտի բերի ե՛ւ Իրանի հետ ավելի ակտիվ կապերի հաստատմանը, ե՛ւ /Ղազախստանի նախագահը առաջին անգամ չի այդ մասին հայտարարում/ Թուրքիայի հետ ավելի սերտ տնտեսական հարաբերությունների հաստատմանը»:

Թե որքանով նման կապերի հաստատումը կդառնա իրողություն, Արտակ Դավթյանը դժվարացավ ասել՝ շեշտելով Իրան-ԱՄՆ, Իրան-ԵՄ ներկայիս հարաբերությունները, ինչպես նաեւ՝ Թուրքիա-Ռուսաստան ոչ այնքան հարթ հարաբերությունները, որոնք ջրի երես դուրս եկան հատկապես ապրիլի 24-ին ՌԴ նախագահի՝ Հայաստան այցելելուց հետո:

Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխանախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ Իրանի եւ Չինաստանի ուղղություններով ԵՏՄ-ի շարժը ոչ ռեալիստական է: Նա կարծում է, որ նախագահի հայտարարությունը յուրատեսակ մեսիջ էր առ այն, որ Հայաստանը չկարողանալով բաժին ստանալ եվրատնտեսական միությունից, փորձում է ուշացումով իր մասնաբաժինը պոկել ԵՏՄ-ից, իսկ ավելի շատ՝ Ռուսաստանից:

«Ես կարծում եմ, որ նման հայտարարությունը ավելի շատ մեսիջ էր ուղղված ոչ թե դեպի ներս, այլ դեպի եվրատնտեսական պարտնյորություն, որպեսզի դրանով ցույց տա, որ Հայաստանը գոնե պատրաստ է նման հայտարարություն անել, որին հակադարձում է Նազարբաեւը՝ ասելով, որ ԵՏՄ զարգացումը տեսնում է թուրքական ուղղության վրա: Դա ինձ համար խիստ կասկածելի է, որովհետեւ ԵՏՄ-ն կորցնում է Թուրքմենիան, կորցնում է Ուզբեկստանը, այսինքն՝ թուրքական ուղղությունը մի քիչ վիճարկելի է: Այսինքն՝ Կենտրոնական ասիայի այս մասը ԵՏՄ-ի համար կորած է»:

Անուշ Սեդրակյանը նկատեց, որ Ռուսաստանում, կիրառվող սանկցիաների արդյունքում, այս պահին տեղի է ունենում խոշոր արտադրական ճյուղերի անդառնալի անկումներ, որը եթե եւս կես տարի շարունակվի, ապա, ըստ բանախոսի, այլեւս հնարավոր չի լինի վերականգնել:

Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը, մինչդեռ, համոզված է, որ Հայաստանը կատարել է այլընտրանք չունեցող ընտրություն, իսկ այսօր էլ ձգտում է լինել կամուրջ արեւելք-արեւմուտք, ինչպես նաեւ՝ Իրանի հետ հարաբերություններում: Արտակ Դավթյանի գնահատմամբ՝ հենց այդ տրամաբանությամբ էլ տեղի են ունենում հաջորդական քայլերը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ ԵՏՄ-ի հնարավոր անդամակցությանը: Այդ առումով՝ Արտակ Դավթյանը ոչ մի նոր մարտահրավեր չի տեսնում, քանի որ դրանք վաղուց մեզ համար հայտնի են: Ըստ նրա՝ Իրանի հետ ԵՏՄ հարաբերությունները առաջիկայում կընդլայնվեն, իսկ Թուրքիայի պարագայում նման զարգացումներ դժվար է սպասել:

Ցուցադրել ավելի
Back to top button