Թուրքական նավի գնդակոծությունից զոհվել է մեկ նավաստի


Մեկ մարդ զոհվել եւ մի քանիսը վիրավորվել են Լիբիայի տարածքից թուրքական բեռնանավի գնդակոծման հետեւանքով, հայտնում է «Ռոյթերը»։ «Մենք կտրականապես դատապարտում ենք միջազգային ջրերում գտնվող քաղաքացիական նավի դեմ ստոր հարձակումը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախօրեին, երեկոյան, «Թունա 1» նավը, որը պատկանում է թուրքական ընկերության, գնդակոծվել է լիբիական կողմից Տոբրուկ նավահանգստի մոտ։
Լիբիայի ԶՈւ ներկայացուցիչ Մոհամեդ Հեջազին հայտարարել է, որ լիբիացի զինվորականները գնդակոծել են նավը նախազգուշացումից հետո։ Նավի անձնակազմին զգուշացրել են չսոտենալ Դերնա նավահանգստին, որը վերահսկում են իսլամիստ գրոհայինները, հայտնում է «ՌԻԱ- Նովոստին։
«Նավը գնդակոծվել է Դերնայից 10 մղոն հեռավորության վրա։ Մինչ այդ մենք նախազգուշացրել ենք չմոտենալ այդ նավահանգստին»,- ասել է ԶՈւ ներկայացուցիչը։ Նա հաստատել է, որ զոհվել է թուրք մեկ ծովային, եւս մեկը վիրավորվել է։ Գնդակոծությունից հետո նավը հրդեհվել է եւ տեղափոխվել Տոբրուկ, հայտնել է զինվորականը։