Հասարակություն

Էլեկտրոնային դիվանագիտության գաղտնիքները՝ երեւանյան միջազգային գիտաժողովում

lenabadeyan
Այսօր Երեւանում բացվել է միջազգային գիտաժողով, որին մասնակցում է 70-ից ավելի մասնակից շուրջ 25 երկրից: Մասնակիցները հիմնականում դիվանագիտական կրթության հաստատությունների, այլ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներն են, Հայաստանում եւ այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ: «Էլեկտրոնային դիվանագիտություն, հեռանկարներ եւ  մարտահրավերներ» խորագրով երկօրյա գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի կազմավորման 5-րդ տարեդարձի շրջանակում:

 

Ինչպես կարելի է օգտագործել «թվային դիվանագիտություն» կոչվածի ողջ զինանոցը. առաջիկա երկու օրվա ընթացքում այս հարցն են քննարկելու տարբեր երկրներից Երեւան ժամանած դիվանագիտական կառույցների տնօրենները, դեսպաններն ու արտաքին գործերի նախարարությունների վարչությունների ղեկավարները: «Ժամանակակից միտումներից փորձում է հետ չմնալ ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունը», վստահեցրեց նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ասում է, հագեցած քառալեզու կայքից բացի նախարարությունը նաեւ պետական գերատոսչություններից առաջինն էր, որ «youtube»-ում բացեց իր պաշտոնական ալիքը, նաեւ ակտիվ է սոցիալական կայքերում, մասնավորապես՝ Facebook-ում եւ Twitter-ում:

«ՀՀ ԱԳՆ-ն ակտիվորեն գործածում է թվային դիվանագիտության ընձեռած հնարավորությունները եւ այս առումով որոշակի արդյունքներ են գրանցվել: Թվային դիվանագիտությունը հարթակ է ստեղծում մեր նպատակների արդյունավետորեն իրականացնելուն, ինչպես նաեւ հասարակությունների առջեւ առավել հաշվետու լինելու գործում: Հրատապ զարգացումներին արագ արձագանքելը եւ քաղաքացիների գնալող աճող հարցումներին անմիջապես պատասխանելը նմերկայումս դառնում են դիվանագիտության ծառայության առաջնային նպատակներից»:

«Թվային դիվանագիտությունը», սակայն, պետք է օգտագործել զգուշորեն՝ հաշվի առնելով, որոշ նրբություններ, ասում է նախարարը՝ հավելելով. «պետք է հաշվի առնենք մեզ հասանելի տեղեկատվության զգայությունը եւ խորհրդապահական բնույթը, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների ու մարդկային ճակատագրերի վրա ԱԳՆ-ի կողմից տրամադրվող տեղեկատվության, արվող հայտարարությունների հնարավոր ազդեցությունը»:

Ըստ նախարարի՝ նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները իրենց հետ բերում են նաեւ նոր մարտահրավերներ, հետեւաբար պետք է պատրաստ լինենք դրանց դիմակայելու: Այս խնդիրները հետաքրքրում են նաեւ Եվրոպական Միությանը, քանի որ գիտաժողովն անց է կացվում հենց այդ կառույցի աջակցությամբ, նաեւ այդ կառույցն է, որ 2013 թվականի մայիսից մինչեւ 2017 թվականը ֆինանսական աջակցություն է տրամադրելու Հայաստանի դիվանագիտական դպրոցին՝ 1 660 000 եվրոյի չափով:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այս պահին գոհ է Արտգործնախարարության դիվանագիտական դպրոցի 5-ամյա գործունեությունից: Ըստ նրա՝ համագործակցության առաջին նպատակն է ուժեղացնել կառույցը՝ արտոնելով դպրոցին կրթություն եւ վերապատրաստում տրամադրել Հայաստանի դիվանագիտական անձնակազմին:

Տրայան Հրիսթեան խոստովանեց, որ ԵՄ-ը նույնպես ակտիվորեն օգտվում է սոցիալական կայքերից: Իր արժեքները տարածում է հատկապես Facebook-ի ու Twitter-ի միջոցով, այնտեղ ունեն տասնյակ հազարավոր հետեւողներ, «Ճիշտ է, Twitter-ում հետեւորդների թիվն այնքան շատ չէ, որքան Քիմ Քարդաշյանինը»,- ճշտում կատարեց եվրոպացի դիվանագետը: Տրայան Հրիսթեայի ներկայությամբ Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ստեղծումից 5 տարի անց նրա շրջանավարտներն արդեն կազմում են ՀՀ դիվանագիտական կորպուսի մի զգալի մասը եւ ձեռք են բերել լավ հեղինակություն: Ի դեպ, միջոցառմանը մասնակցող նախարար Էդվարդ Նալբանդյանը գիտաժողովի պաշտոնական բացումից հետո հեռացավ՝ խուսափելով լրագրողների հարցերից: Հատկանշական է, որ Հայաստանում անցկացվող միջոցառմանը «Լեզվի մասին օրենքը» հարգեց միայն նախարարը՝ խոսելով հայերեն: Երկօրյա գիտաժողովում մասնակիցները խոսելու են բացառապես անգլերեն՝ առանց համապատասխան թարգմանության:

Ցուցադրել ավելի
Back to top button