Մշակույթ

Պատերազմն ստիպեց նկարչին կյանքը ներկայացնել ավելի գունեղ ու հետաքրքիր

aidaavetisyan

Հայրենական պատերազմում հայ ժողովրդի   ունեցած   ներդրումը մեր պատմության  ամենափայլուն  էջերից է:  Խորհրդային Միության  մյուս ժողովուրդների  հետ  միասին  հայերը  պատերազմի առաջին իսկ օրերից  մտան օրհասական պայքարի մեջ:  Շուրջ  650 հազար հայ  մասնակցեց պատերազմին և նրանցից մոտ  350 հազարը  զոհվեց:   Հարկ է նշել, որ  հայոց պատմության մեջ հայ ժողովուրդը երբևէ  այսչափ  զինվորներ  չի ուղարկել  ռազմի դաշտ և որևէ պատերազմի ժամանակ  չի տվել այդքան կորուստներ:

Այդ տարիներին ռազմի դաշտում են եղել տարբեր բնագավառներից ներկայացուցիչներ: Սակայն զրուցակիցս նկարիչ է, ում մտապատկերում  այդ տարիներից և ոչ մի ակնթարթ չի խունացել: Մեկ առ մեկ հիշում է ՝  ինչպես է զորակոչվել  բանակ, հաղթահարել դժվարությունները,  պատվով ծառայել ու  վերադարձել  հայրենիք:

Թուրքական  յաթաղանից մածապուրծ մշեցի ու էրզրումցի ծնողներից սերած ՀՀ ժողովրդական նկարիչ  Հմայակ Բդեյանը 17 տարեկան  էր, երբ լսեց պատերազմի սկսվելու գույժն ու  դեռ 10-րդ դասարանը չավարտած զորակոչվեց բանակ: 1925 թվականին  Թիֆլիսում  ծնված Հմայակ Բդեյանն իրեն մանկուց հիշում է վիձինը ձեռքին: Երազել է  դպրոցն ավարտելուն պես նկարչական  ունակություններն ավելի  խորացնել: Սակայն չի հասցնում     ընդունվել գեղարվեստի ակադեմիա, երբ  արդեն  մեկնում է մարտի դաշտ: Վրձինը զենքով փոխարինած պատանին  դեռ նոր էր ընտելանում բանակային կյանքին, երբ  նրանց  զորամասն ուղարկում են  ռազմաճակատ՝ Հյուսիսային Կովկաս:

Նկարչի մարտական ուղին  անցել է  Կրասնոդարի  Արմավիր քաղաքով, Ուկրաինայով,  ապա Ադրբեջանի  Լենքորան քաղաք, որտեղ պայքարում էին հակառակորդի օդային  ուժերի դեմ և  այս ճանապարհով  էլ  փորձում էին  ԱՄՆ-ից և Անգլիայից  ուղարկվող  օգնությունը հասցնել Կարմիր բանակի զինվորներին:

 

Պատերազմն ավարտվում է և Հմայակ Բդեյանը վերադառնում է Թբիլիսի ու 1947 թվականին ընդունվում Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժինը,  որն ավարտելուց հետո գալիս է  Երևան և աշխատանքի  ընդունվում Գիտությունների ակադեմիայում: Դեկորատիվ արվեստի  մոնումենտալ  կերամիկան իրեն հոգեհարազատ համարող  արվեստագետի աշխատանքները  զարդարել են մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, մեր հնագույն  ձեռագրերի պահոցի՝ Մատենադարանի սրահն   ու  այլ վայրեր: Պատերազմի ավարտից հետո որոշել է՝ այլևս  իր աշխատանքներում  չանդրադառնալ այդ տարիների արհավիրքին: Փորձում է կյանքն   այդուհետ ներկայացնել ավելի գունեղ ու հետաքրքիր:

Ամեն տարի՝ այս օրը,  հիշողությունները վերապրում է, սակայն փառահեղ  հաղթանակը նշում նկարիչ  ընկերներով։

 

Ցուցադրել ավելի
Back to top button