Քաղաքական

Պայքարել ցեղասպանությունների դեմ. ՀՀ ԱԺ- ն կոչ է ուղղելու աշխարհի խորհրդարաններին

lenabadeyan

Մայիսի 7- 12 Հայաստանում են 150- ից ավելի եվրոպացի ուսանողներ տարբեր երկրներից: Քաղաքական խնդիրներից մինչեւ կրթության ոլորտին առնչվող հարցեր. Ահա այս ամենն են քննարկելու թե սեմինարի ընթացքում, թե Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ: Երկուշաբթի հանդիպելու են ՀՀ նախագահի հետ, իսկ այսօր եվրոպացի ուսանողներն Աժ-ում էին՝ փորձարկեցին պատգամավորների հարմարավետ բազկաթոռները, նկարվեցին, հարցերով դիմեցին Աժ նախագահին: Հենց այս հանդիպման ժամանակ էլ Գալուստ Սահակյանը հայտարարեց ՀՀ Աժ նոր նախաձեռնության-առաջարկի մասին, որն ուղղված է լինելու եվրոպական բոլոր խորհրդարաններին։

Այս տարի Երեւանը հռչակվել է կրթության եւ ուսանողության մայրաքաղաք, եւ Հայաստանում կայանալիք Նախարարական գագաթաժողովին ընդառաջ Երեւանում կազմակերպվել է «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարը եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովը:

Վեց աշխատանքային օրը Երեւանում համախմբելու է Եվրոպական ուսանողական միության մոտ 40 ազգային միությունների ավելի քան 150 ներկայացուցչի: Տարբեր երկրներից ժամանած երիտասարդները երկուշաբթի հանդիպելու են ՀՀ նախագահի հետ, իսկ այսօր նրանք խորհրդարանում էին՝ Աժ նախագահին հարցեր ուղղելու նպատակով:

Եվրոպացի երիտասարդները Գալուստ Սահակյանի մատուցմամբ իմացան, թե ինչպես են հայ երիտասարդները հայտնվում քաղաքական դաշտում՝ կուսակցությունների երիտասարդկան թեեւրից, ինչպես նաեւ Աժ-ում տարիներ շարունակ գործող Երիտասարդական խորհրդարանից: Անձամբ իր ուսանողական հետաքրքրությունների եւ զբաղմունքների մասին պատմելիս հիշեց. Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում է անցել այդ ճանապարհը, հետաքրքրությունների լայն ընտրության հնարավորություն չկար այն ժամանակ, հիմնական գաղտնի հետաքրքրությունը՝ պայքարն էր Հայաստանի անկախության համար:

Հիմա հայտնվել է այնտեղ, որտեղից էլ ժամանակին ճնշվում էր ազատ խոսքը, եվրոպացի ուսանողների տեղեկացրեց ԱԺ-ի նախագահը: « Այս շենքում նստում էին այդ հասարակարգի ամենաբարձրադիր օրգանը՝ կոմունիստների Կենտրոնական կոմիտեն: Բոլոր խնդիրները լուծվում էին այս շենքում՝ կուսակցական սկզբունքներով»։

Հիշողություններից վերադառնալով իրականություն՝ ԱԺ նախագահը եվրոպացի ուսանողներին տեղեկացրեց, որ Հայաստանը կրթական բարեփոխումների փուլում է, ընդգրկված է Բոլոնիայի համակարգում: Ճիշտ է՝ սոցիալական ծանր վիճակի պատճառով ուսման հետ կապված որոշ երիտասարդներ խնդիրներ ունենում են, բայց եւ պետության աջակցությամբ շնորհալիները հնարավորություն են ստանում կրթություն ստանալ աշխարհի 10 առաջնակարգ ԲՈՒՀ-երում:

Հայերի նախընտրած մասնագիտությունների մասին խոսելիս՝ ԱԺ նախագահը շեշտեց բարձր տեխնոլոգիաների հետ կապված մասնագիտությունները, տնտեսագիտական եւ իրավագիտական կրթությունը: Եվրոպացի ուսանողներն ու Հայաստանի ԱԺ ղեկավարը հարցուպատասխանի միջոցով անդրադարձան բազմաթիվ խնդիրների, նույնիսկ՝ քաղաքական:

Զրույցի զգալի բաժինը հատկացվեց Հայոց ցեղասպանության հարցին եւ հենց այստեղ Գալուստ Սահակյանը հայտարարեց Հայաստանի ԱԺ նոր նախաձեռնության մասին: «Առաջիկա օրերին ՀՀ ԱԺ- ն կոչով հանդես կգա, որպեսզի բոլոր խորհրդարաններում հանձնախմբեր կազմավորվեն պայքարելու ընդդեմ ցեղասպանությունների: Խոսքը չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանությանը: Հիմնական գաղափարը՝ այսուհետ «Ոչ» ասել ցեղասպանություններին, իսկ մենք գիտենք աշխարհում այսօր էլ ցեղասպանության, ահաբեկչության միտումներ կան»:

ԱԺ նախագահը նաեւ որպես փորձառու եւ ավագ գործիչ երիտասարդներին խորհուրդ տվեց. Ճիշտ քաղաքականության համար անհրաժեշտ է ունենալ կիրթ հասարակություն, ուստի առաջնայինը ոչ թե քաղաքականություններն են, այլ՝ քաղաքակրթությունը:

Back to top button