Հասարակություն

Հաղթանակի օրվա նվիրված տոնակատարություններ՝ Արմավիրում

satikisahakyan

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի  70-ամյակը մեծ շուքով նշվեց Արմավիրի մարզում: Արմավիր քաղաքի հրապարակում տոնական շքերթի էին դուրս եկել հայկական ու ռուսական զորամասերի զինվորներն ու սպաները, փրկարարները, «Տիգրան Մեծ»  ռազմամարզական վարժարանի սաներն ու պատանի երկրապահները: Հոբելյանական տոնի կապակցությամբ մարզի վետերանները  պարգևատրվեցին հոբելյանական  հուշամեդալով, արժանացան մարզպետի դրամական պարգևին:  Վետերաններն Արմավիրի քաղաքային զբոսայգում  ծաղիկներ դրեցին  Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանին, որից հետո  դաշտային ճաշարանում նրանց տրվեց զինվորական ճաշ:

 

Վաղ առավոտից Արմավիր քաղաքի հրապարակում հնչում էին հաղթանակին նվիրված երգեր, որին հաջորդեց տոնական շքերթը: Տոնի կապակցությամբ այստեղ էին  70 տարի առաջ տարբեր մարտական դիրքերում հաղթանակի բաղձալի լուրը լսած ու յուրովի ուրախացած պատերազմի վետերանները: Նրանք առանց հուզմունքի չեն կարողանում խոսել իրենց կողքին մարտնչած ու զոհված մարտական ընկերների մասին:

Սուրեն Կարապետյանը   նույն զգացողությունն   ունի նաև այսօր. «Իմ մարտական ընկերն իմ կողքին է զոհվել։ Հավերժ փառք նրանց հիշատակին, փառք Մեծ հայրենական պատերազմի հաղթանակին»։

Սիլվա Պողոսյանն առանձնահաատուկ կերպով է շնորհավորում իր հորեղբորը: Նա պատմում է, որ ինքը դպրոցական էր, երբ սկսվեց Մեծ հայրենականը և հորեղբայրը մեկնեց ռազմաճակատ և  սրտատրոփ սպասում էին որևէ լուրի: Հաղթանակից հետո նա  ամեն տարի մայիսի 9-ին ծաղիկներ և մի քանի  շոկոլադ է նվիրում   Սրապիոն Պողոսյանին :

Հաղթանակի հոբելյանական տոնի կապակցությամբ Արմավիրի քաղաքային զբոսայգում կազմակերպվել էր համերգ  Արմավիրի մշակույթի տան և ռուսական սահմանապահ զորամասի մշակութային խմբերի մասնակցությամբ: Այգում էր բացվել նաև դաշտային ճաշարանը: Օրվա ճաշացանկում ռուսական կաղամբով ապուրն էր՝ բորշչը , կարմիր ճակնդեղից աղցանն ու մի բաժակ օղի:

Վետերաններին բարեմաղթանքի խոսքն ուղղեց Ռուս սահմանապահ զորամասի Անաստաս  Միկոյանի անվան  Արմավիրի  սահմանապահ  ջոկատի հրամանար, գնդապետ Ալեքսանդր Զլոբին՝ նշելով, որ այս հաղթանակը բոլորինս է:

Տոնի կապակցությամբ այսօր տոնական համազգեստ էր հագել նաև, Արմավիրի մարզպետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, ով ծառայել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում ՝ Վարշավյան պայմանագրի երկրների զինված ուժերում:  Վետերանների համար տոնական միջոցառում և հյուրասիրություն էր կազմնակերպել նաև Արմավիրում տեղակայված ռուսական սահմանապահ զորամասը:

Back to top button