Հասարակություն

Կյանքը Մոնթեից առաջ եւ Մոնթեից հետո. հարցազրույց Սեդա Մելքոնյանի հետ

arminegevorgyan

 

Ամեն անգամ, երբ հնարավորություն եմ ունենում զրուցելու ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի այրու` Սեդա Մելքոնյանի հետ,  մտքերս խառնվում են իրար, հարցերս նույնպես: Հարցազրուցի պահին մոռանում եմ, թե  ինչ հարցերի վրա պետք է շեշտադրում կատարեմ….

Սեդա Մելքոնյանը այն անձանցից է, ում  կարող ես լսել ժամերով ու չհոգնել: Ամեն անգամ հարցազրույցն ավարտելիս հեռանում եմ  ոչ թե ընկճված   հոգեվիճակով, այլ՝ միայն ոգևորված: Հերթական հանդիպումս Սեդայի հետ  հենց այդ նոտայով էլ ավարտվեց. մոտ 2 ժամ տևած հարցազրուցից հետո առաջին անգամ չգիտեի ինչպես եմ նյութը կառուցելու , այնքան բան կար փոխանցելու:

Սեդան Հեռավոր ԱՄՆ-ից ժամանել էր մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին: Այն նահանգում, որտեղ բնակվում է Սեդան,  շատ քիչ հայեր են բնակվում և իրեն մտատանջում էր թե ի՞նչ է  անելու ապրիլի 24-ին: Բայց ինչպես նշում է,իրեն անմիջապես օգնեց որդին՝ ասելով. «Մամա, գիտե՞ս,  դու պիտի գնաս Հայաստան»։

Մեր զրուցը բաժանեցիքն մի կյանքը Մոթեի հետ ու Մոթեից հետո: Սկսեցինք Շուշից։ Բոլորը հասկանում էին, թե ինչքան կարևոր է Շուշիի ազատագրումը և Մոնթեն էլ բացառություն չէր: Սակայն  Մոնթեն չկարողացավ մասնակցել Շուշիի ազատագրմանը, քանի որ  Արկադի Տեր-Թադևոսյանը մտավախություն ուներ, որ հնարավոր է հակահարձակում լինի և խորհուրդ է տալիս Մոնթեին մնալ Մարտունիում, որպեսզի այդ դեպքում պատրաստ լինեին դիմակայելու։

«Ես հանրակացարանում էի ապրում այդ ժամանակ ու հիշում եմ՝ առավոտյան 3-4-ի կողմերը պահակն ինձ արթնացրեց ու ասաց. «Սեդա, քեզ զանգում են»: Վազելով իջա ներքև, Էդիկն էր Բաղդասարյան: Ինքը մասնակիցն էր ազատագրման, հասել էր Լաչին ու ասաց. «Սեդ, Լաչինում ենք»: Շատ հուզված էինք բոլորս: Հետո ես գնացի Արցախ ու Մոնթեի հետ բարձրացանք Շուշի՝ առաջին անգամն էր դա:Մոնթեն ու ես մտանք ներս։ Եկեղեցին ամբողջությամբ հողոտ էր, դատարկ արկղեր կային այստեղ ու այնտեղ: Մեր այցի ժամանակ մի տղամարդ սյուներից մեկի ետևում հեկեկում էր ու ակամայից վատ զգացինք, որ խանգարում ենք նրան»:

Պատերազմի տարիներին  բոլորին առաջնորդում էր մեկ գաղափար՝ օր առաջ ազատագրել հայրենի  հողը թշնամուց: Նրանք այդ ժամանակ չէին էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր հայտնվելու էին բարիկադի մյուս կողմում: Այսօր շատ ազատամարտիկներ հենց այդպիսի իրավիճակում են հայտնվել ,քաղաքական հայացքների, իշխանությունների հետ չհամաձայնվելու համար:

Երբ Սեդայից հարցրեցինք այդ ազատամարտիկների մասին,մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանից , ասաց. «Եթե մի բան անում ես՝ ակնկալիք դրա դիմաց չպետք է ունենաս։ Մոնթեի կենսակերպն էլ դա էր: Այդպես չէին կարող լինել նաև շատ տղաներ, այսինքն՝  «դու»  լինելու համար, երբ քեզ շնորհակալություն են հայտնում, մի քիչ տարօրինակ ես զգում:Ես Ժիրայրին անգամ չեմ ճանաչել պատերազմի օրերին, բայց  ինչ խոսք՝ ամեն մի զինվոր, որ պատրաստ էր ամեն ինչ մի կողմ դնել՝ ուսում, գործ, ընտանիք և այլն և գնալ շատ մեծ առաջնահերթություն ներկայացնող այդ պատերազմին, իհարկե ամենաբարձր աստիճանի վրա պետք է դրվի որպես մարդ: Որովհետև այդ առաջնահերթությունը ամեն մարդ չէ, որ գիտակցում էր: Իհարկե, կային տարբեր տեսակի տղաներ, բայց փաստը մնում է այն, որ նրանք գնացին ու շատ բան թողեցին հետևում:: Այս մարդիկ են մեզ պահել և մենք պետք է պահանջենք, որպեսզի այդ տղաները գնահատվեն: Ի վերջո՝ դա պետք է գիտակցենք մենք։ Հո այդ մարդը չի՞ պահանջելու, որ իրեն լավ վերաբերվեն. այն մարդիկ, ում համար ինքը պայքարել է, նրանք պետք է ապահովեն գնահատված լինելը»։

Մոնթեի երազանքն էր ազատ անկախ ու անկաշառ  Հայաստան տեսնել: Եթե նա կենդանի լիներ՝ ինչպե՞ս կվարվեր: Սեդան ասում է ,որ իրեն այս հարցը պարբերաբար են տալիս,ու ամեն անգամ էլ  պատասխանը տալուց առաջ մնում է նույն կարծիքին:«Ինձ այդ հարցը շատ են տալիս՝ եթե Մոնթեն ողջ լիներ, ապա ինքն է՞լ կպայքարեր, ինչպե՞ս կվարվեր այսօր: Կարծում եմ, որ նրան սպանած կլինեին, որովհետև Մոնթեն չափազանց սկզբունքային, շատ անկաշառ և ամեն գնով առաջ գնացող տեսակ էր: Մոնթեի երազանքն էր  տեսնել Հայաստանն առանց կաշառակերության ու նա ասում էր, որ մեր պայքարը երբեք չի ավարտվելու, քանի դեռ Նախիջևանը, Ջավախքը մերը  չեն»։

Սեդան ասում ,որ  այսօր Մոնթեն մի տեսակ  դարձել է բանահյուսության հերոս: Մարդիկ կան անգամ,որ երբեք չեն ճանաչել ու չեն տեսել Մոնթեին,բայց   հայտարարություններ են անում՝ դրանք վերագրելով իրեն: Առաջին տարիներին դրանցից վրդովում էր, վիրավորովում էր, հետո՝  ոչ։ «Առաջին տարիներին ես  դրանից վրդովվում  էի, անգամ մի հոդված լույս տեսավ, որում մեկը պատմում էր, թե ինչպես է Մոնթեն Եռաբլուրում օղի խմել, ծխել, երգել…. Մոնթեն ամենա «ականջ» չունեցող մարդն էր: Նման բաները ինձ իրոք վրդովեցնում էին, բայց շուտով ՝ դժբախտաբար, թե բարեբախտաբար, Մոնթեն դարձավ բանահյուսության հերոս և ամեն մարդ սկսեց իր սկզբունքներին, արժեքներին համահունչ տեսնել Մոնթեին։ Այն, ինչ իրենց համար արժեքավոր էր, նրանք վերագրում էին Մոնթեին և հաճախ դա ընդհանրապես կապ չուներ Մոնթեի հետ»։

Մինչ օրս չեն դադարում Մոնթեի մահվան տարաբնույթ մեկնաբանություները: Ու ազգային հերոսի  մահվան մասին խոսելիս շատերն ասում են, որ դա այդպես էլ մնաց առեղծված: Սեդան նկատում է,որ  Մոնթեի մահն էլ բանահյուսության թեմա է դարձել: «Ես մեկ բանի եմ հավատում ՝ փաստերին,  ու ես սիրում եմ փաստերով խոսել: Փաստերն ինձ ասում են, որ ասկյարը դիրքավորվել էր անտեսանելի կերպով ու Մոնթեն  գտնվեց այդտեղ: Երկրորդ՝  Մոնթեն գնդակից չի զոհվել. այդ բեկորը, որ Մոնթեին սպանեց, ինձ մոտ է մինչև հիմա։ Այնպես որ՝ ես չեմ կարող ասել, թե մեկը թաքնված էր ու թիրախից Մոնթեին սպանեց: Իսկ եթե մի օր փաստեր կբացահայտվեն, որ ինչ-որ մեկն ավելի շատ բան գիտի, քան ես այսօր,  ես դրան պատրաստ եմ: Ես չեմ ասում, թե 100 տոկոս այդպես է եղել, բայց ես բոլոր տղաների հետ խոսել եմ, ովքեր Մոնթեի հետ էին, նրանցից երեքն այսօր չկան… Ես խոսել եմ անգամ պատանդի հետ ու մինչև հիմա իմ հավաքած տեղեկություններով ես այլ բան չեմ կարող ասել»:

Հետաքրքիր միտք է արտահատում հերոսի այրին:Ասում է,որ երբեք Մոնթեին վիրավոր չի պատկերացրել  ու հուշերի  կծիկը քանդելով վերհիշում է նրա  հետ տեղի ունեցած վերջին հեռախոսազրուցը  ու մի արտահայտություն:«Մոնթեն մի անգամ ինձ ասաց՝ մարդ երևի զգում է, որ պետք է մահանա… Արդեն ուղիղ հեռախոսագիծ կար, երբ զանգահարեց ու ասաց, որ ուզում է գալ հանգստանալ: Իմ տարեդարձն էր մոտենում ու պայմանավորվեցինք,  որ պետք է այնպես գնանք արձակուրդ, որ ոչ ոք մեր տեղը չիմանա: Երկու օրից նորից զանգահարեց, ասաց, որ Քերոլայն Քոքսն է գալու և նա պետք է մնա։ Հետո ասաց՝ «պստիկ գործ մը կա, այդ ալ պիտի ընեմ, այդ պատճառով էլ չեմ կարողանա շուտ գալ»….Դա հինգշաբթի օրն էր: Շաբաթ օրը մեր մոտիկ մարդու քառասունքն էր, ես այնտեղ էի: Ինձ փնտրել էին «Ղարաբաղ» կոմիտեից, չէին գտել, հետո ամբողջ Երևանում փնտրել էին մեր ընկերներին, բայց ոչ ոք չէր համաձայնվել ինձ տեղյակ պահել, թե ինչ է եղել Մարտունիում  այդ օրը…. Վերջը Հարոյանն ասաց, թեև հենց սկսեց ասել՝ ես արդեն իմացա»:

Ահա այստեղ դնում ենք վերջակետ ու հարցնում` կյանքն առանց Մոնթեի ինչպե՞ս է:Սեդան  չի թողնում խոսքս ավարտեմ, ասում է,որ նման բան չկա: Ֆիզիկական բացակայությունը հարաբերական է, քանի որ ինքը չի երևում, բայց Մոնթեն միշտ այստեղ է, «ես նրան զգում եմ»:

Սեդան Մոնթեի մահվանից 7 տարի անց ամուսնանում է, ասոմ է ,որ չի  ամուսնացել մի ամերիկացու հետ իռլանդական ծագումով, այլ ամուսնացել է Մոնթեի ընկերոջ  հետ: Նաև ասում ,որ եթե ինքն էլ նույն տեսակի կապ ու կարոտ չունենար Մոնթեի նկատմամբ, ապա իրենք երբեք չէինք կարողանա կողքի կանգնել: «Եվ դա ինքն էլ է ընդունում: Իսկ մեր որդին դա պարգև էր ինձ, հավանական է, որ Մոնթեից: Որդիս շատ լավ գիտի Մոնթեն ով է և ինձ ասում է՝ մամ, այնքա՜ն կուզի իրեն հանդիպել:  Ասում եմ՝ սիրելիս, դա անկարելիություն է, որովհետև երբևիցէ այդպիսի բան չէր կարող լինել: Սարոն 13 տարեկան է և այն տարիքում է, որ հայրը իրեն պատմում է իր 13 տարեկանի մասին և այդ բոլոր պատմությունները կապված են Մոնթեի հետ: Մոնթեի հայրը ինձ միշտ ասում էր, որ ես ամուսնացել եմ իր մյուս որդու հետ»։

Որդու անվանակոչման առումով երբեք հարց չծագեց՝ նա պետք է լիներ Սարո-Մոնթեն: Որդին արդեն 13 տարեկան և ինքը շատ բան գիտի Մոնթեի մասին  Նրան  կանչում է կնքահայր Մոնթե, թեև իրական կնքահայրը Մարգարն է՝ Մոնթեի եղբայրը:

Ցուցադրել ավելի
Back to top button