Միջազգային

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տանում պահպանողական կուսակցությունը

marlenahovsepyan
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տանում պահպանողական կուսակցությունը: Նախնական տեղեկությունների համաձայն գործող վարչապետ Դեյվիդ Քեմերոնի ղեկավարած քաղաքական ուժը համայնքների պալատում կզբաղեցնի 650 տեղից 329, ինչը թույլ կտա կարճ ժամկետներում կառավարություն ձևավորել:

Լեյբորիստները, որոնք նախընտրական գնահատականներով գրեթե չէին զիջում պահպանողականներին, ջախջախիչ պարտություն են կրել. Էդ Միլիբենդի կուսակցությունը խորհրդարանում կունենա 233 մանդատ: Լեյբորիստների առաջնորդն, ըստ BBC-ի արդեն ներողություն է խնդրել բոլոր մյուս պատգամավորներից, որոնք կորցրել են պատգամավորական մանդատները: Նրանց թվում է ֆինանսների ստվերային նախարար Էդ Բոլզը, արտաքին գործերի ստվերային նախարար Դուգլաս Իսկանդերն ու Շոտլանդիայի լեյբորիստների ղեկավար Ջիմ Մըրֆին: Նշենք, որ հենց շոտլանդացի ընտրողների ձայների պատճառով է կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրել:

Շոտլանդիան, որը ավանդաբար քվեարկում է լեյբորիստների օգտին, այս ընտրություններին քվեարկել է Շոտլանդիայի ազգային կուսակցության օգտին, որը նախնական գնահատականներով ստացել է 56 մանդատ: «Մենք չստացանք մեր ակնկալած ձայների քանակը Անգլիայում և Ուելսում, իսկ Շոտլանդիան պարզապես խեղդել է ազգայնական ոգին», ասել է Միլիբենդը: Ի դեպ, այսօր Լեյբորիստների ղեկավարը հրաժարական է տվել:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, մեկնաբանելով ընտրությունների նախնական արդյունքները, ասել է, որ իր նպատակը շարունակում է մնալ նույնը՝ կառավարել երկրին ի բարօրություն Միացյալ Թագավորության բոլոր բնակիչների: Քեմերոնը նաև հաստատել է նախընտրական խոստումներից մեկը կատարելու պատրաստակամությունը՝ մինչև 2017 թվականի ավարտը անցկացնել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին հանրաքվե:

Ցուցադրել ավելի
Back to top button