ԿարևորՔաղաքական

Արցախում մեկնարկել են Եռատոնի միջոցառումները. Չենք հանդուրժելու հակառակորդին՝ իր երջանկությունը կառուցել մեր տառապանքների հաշվին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Արցախում մեկնարկել են Եռատոնի կենտրոնական միջոցառումները: Դրանց մասննակցելու նպատակով երեկ Ստեփանակերտ է ժամանել ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը:  Այսօր Շուշիում, որի գրոհը մեկնարկել էր  23 տարի առաջ, վառվել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը:

Այսօր բազմաթիվ երիտասարդներ  բերդաքաղաքի ազատագրմանը մասնակիցների ուղեկցությամբ  ավանդական արշավին են մասնակցել՝ երեք ուղղություններով անցնելով Շուշին գրոհող մարտիկների ճանապարհով: Շուշի են այցելել նաև պաշտոնական պատվիրակությունները:

Առաջին կանգառը  Տանկ հուշարձանի մոտ էր: 1992 թվականի մայիսի ութին այստեղ հայկական տանկի խոցվելը գրոհի մասնակիցներին չընկճեց:  Որոշակի հապաղում եղավ, բայց ոչ նահանջ, հիշում են  նրանք:

Եռատոնը Արցախում սերունդների միավորման տոնն է: Եվ այսօր այդ միասնության կենտրոնում՝ Շուշիում, ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել Մեծ հայրենականի կրկնակի հերոս,  Շուշիից սերող Նելսոն Ստեփանյանի հուշարձանին, պաշտոնական պատվիրակությունները իրենց խոնարհումն են բերել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին. հենց նրա անվան հետ է կապվում Շուշիի  գործողության անունը՝ «Հարսանիք լեռներում»:

Շուշիում այսօր ևս մեկ խորհրդանշական միջոցառում տեղի ունեցավ:  Վառվեց Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը: Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցուց  այն դուրս բերեց արցախցի մարզիկ, սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը: Հանդիսավոր արարողությանը   ողջույնի խոսք է ասել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Համահայկան խաղերի ջահը կանցնի Արցախի ու Հայաստանի քաղաքներով: Նախատեսվում էխաղերի մի մասն անցկացնել Ստեփանակերտում:

Շուշիում այսօր մի շարք այլ միջոցառումներ են տեղի ունեցել: Արվեստի կենտրոնում բացվել է «Շուշիից Շուշի» խորագրով ֆոտոցուցահանդես, Շուշիի մարզահրապարակում ցուցահանդես վաճառք էր, երիտասարդները շուջպարի էին հրավիրում տոնակատարության մասնկիցներին:

Երեկ Եռատոնին նվիրված հանդիսավոր նիստ է տեղի ունեցել Ստեփանակերտում:  Զեկուցողը պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն էր: «Մեզանից յուրաքանչյուրը հստակ գիտակցում, է որ մենք այլեւս ցեղասպանություն չենք վերապրելու եւ տարածքներ չենք հանձնելու։ Մեզ բնավ հրճվանք չի պատճառում ուրիշների վիշտն ու ցավը, սակայն այլեւս չենք հանդուրժելու հակառակորդին՝ իր երջանկությունը կառուցել մեր դժբախտության ու տառապանքների հաշվին»,- հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:

Այսօր Ստեփանակերտում  Հայրենական մեծ պատերազմի 92 վետերան պարեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Ցուցադրել ավելի
Back to top button