Հասարակություն

Վերածննդի խաչքար՝ Առատաշենում

satikisahakyan
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  միջոցառումները շարունակվում են Արմավիրի մարզի համայնքներում և կրթօջախներում: Առատաշեն գյուղում տեղադրվել է  խաչքար, որը հայ ժողովրդի վերածնունդն է խորհրդանշում, իսկ Վաղարշապատի թիվ 4 դպրոցում երեխաները իրենց հավաքական կերպարներում  պատմության սև էջերը  նույնացրել էին  հաղթանակների հետ, որով հայ ժողովուրդը ազգային զարթոնք ապրեց  ու շարունակեց արարել:

 

Արմավիրի մարզի  Վաղարշապատի տարածքի Առատաշեն գյուղի նոր կառուցվող  եկեղեցու բակում տեղ գտավ առաջին խաչքարը, որտեղ առատաշենցիներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խաչքարն օծվեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Խաչքարը խորհրդանշում է հայ ժողովրդի  վերածնունդը, մենք ոչ միայն հիշում ենք, այլ նաև պահանջատեր ենք:

Գյուղում քիչ  չեն հայրենադարձներն  ու գաղթականների սերունդները, որոնք վիշտը հոգու խորքում պահած,  ամեն տարի ապրիլի 24-ին  բարձրացել են Ծիծեռնակաբերդի բարձունք: 82- ամյա Ենոք Ղազարյանը նրանցից մեկն է, նրա ծաղիկները խոնարհվեցին  իրենց գյուղի խաչքարին, որ դարձավ նաև իր կորցրած հարազատների շիրմաքարը:

Ծերուն Ներսիսյանի արմատները դարձյալ  Արևմտյան Հայաստանից են: Նա նշում է, որ համայնքն ունեցել է հին ուխտատեղի, այժմ կառուցվում է նոր եկեղեցի, որի շինարարությունը գրեթե ավարտվել է,  և շուտով կօծվի , սակայն մինչև այդ ապրիլի 24-ին  ժամը 19-15-ին համայնքում 100 անգամ ղողանջել են  նորակառույց եկեղեցու զանգերը:

Հայոց ցեղասպանությունից մինչև ազգային զարթոնք, վերածնունդ ու եռատոն, սուգն ու տոնը համատեղած , հայոց պատմության էջերը մեկտեղվել էին Վաղարշապատի թիվ 4 դպրոցի բեմում: Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Կոմիտաս վարդապետ մտավորականներին մարմնավորած երեխաներն այն շիվերն են, որոնք ծլարձակվել են , աճում են ու պահանջատեր են: Պահանջելով՝ նրանց հայրերը տեր կանգնեցին Արցախին, հերթը՝  Արարատինն է: Վաղարշապատի թիվ 4 դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը վստահում է ապագա սերնդին, որ տեր պետք է կանգնեն իրենց հայրենիքին ու հաստատուն քայլերով առաջ գնան:

Նույն դպրոցի շրջանավարտ և պարուսույց Պետրոս Օրդակյանի ղեկավարած ,,Արծիվներ,, պարային համույթը պարի միջոցով գրեթե թերթեց մեր պատմության էջերը՝ ողբը, ցավն ու ցասումը,  ելքը՝  հաղթական է:  Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյան  նոր սենդին հղեց Գրիգոր Տաթևացու բարեմաղթանքները. «Ծլեք սիրով, կանաչեք հույսով, ծաղկեք հավատով և պտղաբերվեք լավ գործերով»:

Նշեմ, որ Վաղրշապատի , Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4  դպրոցի թիմը  պատանեկան «Հայ ասպետ»-ի  տարվա հաղթողն է, ինչպես նաև այստեղ են սովորում «Ամենախելացին» հեռուստախաղ-մրցույթի հաղթողներ Բարսեղ Արթենյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք պարգևատրվեցին մարզպետի պատվոգրերով: Պատվոգրեր հանձնվեցին նաև  ուսուցիչներին ու դպրոցի  տնօրենին:

Ցուցադրել ավելի
Back to top button