Տնտեսական

Պոչամբարների արտադրական լցակույտերը կվերամշակվեն նոր գործարանում

hasmikdilanyan
Կկառուցվի նոր գործարան, որը կվերամշակի ԶՊՄԿ-ի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ օրենքի ընդունման արդյունքում և դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որըենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակում:
«Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԶՊՄԿ պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի պաշարները կազմում են մոտ 300 մլն տոննա, և տարեկան ավելանում են ևս 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի համար հանդիսանում է բնապահպանական մեծագույն խնդիր: «Ալյոտիգ» ՍՊԸ–ն ըստ ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Մտադրությունների մասին հուշագրի՝ հանիդսանում է օրենքի իմաստով Ծրագիր իրականացնող: Վերջինս մտադրություն ունի կառուցել ֆաբրիկա, տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ, վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը»,- ասել է Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նախատեսվում է նաև կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան՝ տարեկան առնվազն 10 հազ. տոննա արտադրողականությամբ: Որպես հումք նորից օգտագործվելու է պոչամբարի խյուսը: Ծրագրով նախատեսվում է լցակույտերից ստանալ առաջնային մետաղական կոնցենտրատներ: Ծրագրի առաջին փուլուվ կիրականացվի 237 մլն դոլարի ներդրում: Նախատեսվում է նաև 2019-2025թթ. նոր ֆաբրիկայի ենթաարտադրատեսակների գործարկում՝ դրա արտադրական պոչերն օգտագործելու համար: Կմեծացվի նաև գործարանի հզորությունը՝ տարեկան մինչև 25 մլն տոննա: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կարձանագրվի զբաղվածության էական աճ. արդեն առաջին փուլում կստեղծվի մոտ 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ: Գործարանը թույլ կտա նաև նվազեցնել պոչամբարների պոտենցիալ ռիսկայնությունը, կմեղմի մի քանի ապրանքների ներմուծման կախվածությունը, կիրականացվի նաև կոմպոզիտային թելերից գյուղատնտեսության համար հակակարկտային ցանցերի մասսայական արտադրություն, ինչպես նաև, սարքաշինության, շինարարության և այլ ոլորտների հումքի աղբյուրների դիվերսիֆիկացում: Ծրագիրը կնպաստի նաև, որպեսզի մոտ 400-450 հա գյուղատնտեսական հողատարածքներ դրվեն ոռոգման տակ: Պատասխանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ ներդրումային ծրագիրը կմեկնարկի առավելագույնը մեկ տարվա ընթացքում:
Ցուցադրել ավելի
Back to top button