Խորհրդարանն աշխատելու է առանց ընդմիջման


Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քվեարկել եւ ընդունել է երեկ քննարկված բոլոր նախագծերը: Փաստը նույնիսկ զարմացրել է Աժ նախագահ Գալուստ Սահակյանին, ով արձանագրել է, որ «շատ համերաշխ խորհրդարան է»: Անմիջապես դրանից հետո առաջացել են խնդիրներ: Համերաշխությունը կորավ Շրջանառության հարկի, ավելացված արժեքի հարկի, սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նախագծի փաթեթի քվեարկության ժամանակ: Խոսքը ժամկետների մասին է, նաեւ հարկատեսակների ընտրության հնարավորության:
Դաշնակցություն եւ Oրինաց երկիր խմբակցությունները նախագծին ձեռնպահ են քվեարկել: Դեմ էր ՀԱԿ խմբակցությունը, հիմնավորումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյան
Բարգավաճ Հայաստան խմբակցությունից Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ մտահոգությունները փարատվել են եւ ներկայացված նախագիծը շատ լավ օրենք է դառնալու: Կողմ են քվեարկել ԲՀԿ-ն եւ Հանրապետականները: Նախագիծն ընդունվել է 95 կողմ, 6 դեմ և 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Տեղեկացնենք, որ այսօր Աժ-ն աշխատելու է առանց ընդմիջման՝ Կառավարության առաջարկած օրակարգը սպառելու նպատակով: