Տնտեսական

«Խոպանչիներին հարկելու մասին». հակասական դիտարկումներ աղմկահարույց օրենքի շուրջ

lianaeghiazaryan

Բյուջեն լցնելու ոչ խելամիտ քա՞յլ, թե՞ աշխատանքային միգրացիան կանոնակարգելու հեռանկար ու նպատակ։ «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունները բուռն քննարկումների առանցքում են հայտնվել: Տնտեսագետները, գործատուները, արտագնա աշխատանքի մեկնողներն  ու օրենսդրական նախագծի հեղինակները նույն օրինագծի մասին խիստ տարբեր ու հակասական կարծիքներ ունեն:

Որքանո՞վ է խելամիտ հարկել Հայաստանից դուրս աշխատող մարդուն, անգամ եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Այս հարցի շուրջ քննարկումները խորհրդարանի շրջանակներից դուրս են եկել ու hայտնվել արդեն աշխատողների ու գործատուների, տնտեսագետների ու քաղաքագետների մտահոգության կենտրոնում:

Հիշեցնեմ` «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությամբ առաջարկվում է շահութահարկի 5 տոկոս և եկամտային հարկի 13 տոկոս դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանք են կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս:  Այսպիսով՝ ներսի եկամտահարկը  հավասարվում է դրսի եկամտահարկին:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կառավարության առաջարկած եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունած Շահութահարկի և եկամտային հարկի  օրենքների փոփոխություններում լուրջ ռիսկեր է տեսնում: Օրենքի նման փոփոխությունը կարող է արտագաղթի պատճառ դառնալ, ընդ որում` ոչ միայն անհատների, այլև կազմակերպությունների, ասում է:

Ըստ տնտեսագետիˋ նշված օրենքները միտված են բյուջեն լցնելուն: Թեպետ օրենքը չի խախտում միջազգային պայմանագրերը, բայց այս դեպքում տենդեր շահելու խնդիր կառաջանա, քանի որ ռուսական կազմակերպություններն իրենց նախընտրությունը կտան  ազգային կազմակերպություններին, իր մտահոգությունները շարունակում է թվարկել Խաչատրյանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը համոզված է` սա նոր մշակույթ է, որը կարող է հեշտ չընդունվել և մեծ դժգոհություն առաջացնել: Սա դեռ կամավորության սկզբունքով է, շեշտում է Մակարյանն ու կոչ անում օրենքին դեռ վատ չվերաբերվել, քանի դեռ այն ընտրության հնարավորություն է տալիս` ովքեր կձևակերպեն իրենց աշխատանքը, 13 տոկոսի իրավունքից կօգտվեն: Վիճակը կտրուկ կփոխվի, եթե հանկարծ օրենքը  պարտադիր դառնա: Սա կառաջացնի ճգնաժամային վիճակ, ասաց Մակարյանը` հույս հայտնելով, որ կառավարությունն այդ քայլին չի գնա:

Գործատուների հանրապետական միության նախագահը համեմատում ու նկատում է` շատ երկրներ այդ մշակույթը կիրառում են` փորձելով միգրացիոն աշխատուժը կանոնակարգել, ինչը մեզ եւս անհրաժեշտ է: Աշխատանքային միգրացիան կանոնակարգելու նպատակով մեր երկիրն էլի մի քանի քայլ է ձեռնարկել` վիզաների հեշտացման գործընթացը ԵՄ-ի հետ, մի քանի երկրների  հետ աշխատուժի փոխանակման պայմանագրեր:

«Այս վերջին փոփոխությունները կկանոնակարգեն աշխատանքային միգրացիան` նաև բյուջեի համար եկամուտներ ապահովելով և շահագրգռելով գործատուին, որ ոչ թե միջինում 24,4% եկամտահարկ վճարի, այլ 13%, եթե ինքն է ամեն ինչ ձևակերպում և իր միջոցով է աշխատուժը տեղափոխվում այլ երկիր` աշխատելու համար, ասաց Մակարյանը:

Արդյո՞ք երկրորդ կողմ հանդիսացող երկրի դժգոհությունը չի հարուցի սա: Մակարյանը կարծում է, որ սա կարող է կանոնակարգվել այդ օրենքից բխող համաձայնագրերով, որոշումներով: Իսկ մինչ այդ Ռուսաստանի տնտեսության մեջ անորոշությունը շարունակվում է:

Արդյո՞ք այս փոփոխության հետեւանքով կարող է արտագնա աշխատողը տուժել: Մի կողմից` այո, մյուս կողմից` ոչ, ասում է Մակարյանն ու բացատրում` եթե արտագնա աշխատողը ձևակերպված չէ, կարող է ավելի շատ եկամուտ ապահովել կամ հարկերը չմուծել, սակայն այլ դեպքերում, երբ հիվանդանում է, աշխատանքային հարաբերություններում կոնֆլիկտներ է ունենում, հարկադիր աշխատանքի կամ այլ դեպքերի է ենթարկվում, չի կարող իր իրավունքների շրջանակում այդ հարցերը լուծել: Ուստի, ըստ Մակարյանի, մեխանիզմները պետք է բարելավել, որպեսզի երկու կողմն էլ շահի:

«Խոպանչիներին հարկելու մասին» պատկերավոր անվանումը ստացած նախագծին Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այլ կողմից է մոտենում: Ոչ թե հարկում ենք արտագնա աշխատողներին, այլ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի դրսի կազմակերպությունները շահագրգռված լինեն իրենց կազմակերպությունները գրանցել Հայաստանում: «Միևնույն է` այդ կազմակերպություններն իրենց աշխատողներին ձևակերպում են արտերկրում, մենք առաջարկում ենք ձևակերպել նրանց Հայաստանում, և այն հարկերը, որոնք շահութահարկի ու եկամտահարկի տեսքով նրանք կամա թե ակամա վճարում են դրում, վճարեն ՀՀ-ում»,- մանրամասնում է Վախթանգ Միրումյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button