Հասարակություն

Զգուշացում՝ ԾԻԳ-ի ղեկավարներին

hasmikdilanyan
Զգուշացում՝ Ծրագրերի իրականացման գրասենյակների ղեկավարներին՝ Հովիկ Աբրահամյանից: Կառավարության նիստի սկզբում դրա մասին անձամբ վարչապետն է հայտարարել՝ նշելով, որ մի քանի օր առաջ կառավարությունում տեղի է ունեցել ԾԻԳ-երի այս տարվա առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: Նրա խոսքով, տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով մեր երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականցվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարշահումների, քան իրականացրած աշխատանքներիր մասին: «Վերջին հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին՝ զերծ մնալ կոռուպցիոն ցանկացած դրսևորումներից»,-հայտարարել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի բարեկամ երկիր Սիրիայում տիրող իրավիճակին, որտեղ իրադրությունը շարունակում է անկայնուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ, ցավոք, քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով՝ եկել են Հայաստան:

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաև անդրադարձել է Կառավարություն-Ազգային ժողով համագործակցությանը և նկատել, որ այստեղ առկա է բաց, որը պետք է շտկվի: Վարչապետի խոսքով, կառավարությունը վերջերս Ազգային ժողովում ներկայացրել է «Եկամտահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, և պատգամավորների մի մասն ընդհանրապես տեղյակ չէր, թե ինչ է առաջարկվել օրենքում և տպավորություն էր, թե այլ նախագծի մասին է խոսքը:

Ցուցադրել ավելի
Back to top button