ԿարևորՀասարակություն

Շինաշխատանքների մրցույթներում խախտումները բացահայտվել են, մեղավորները` ոչ

lianaeghiazaryan

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր հրապարակել է Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։ Հանձնաժողովի որոշմամբ`մի շարք մրցույթներում, որոնց մասնակցել է 144 ընկերություն, մրցակցային  օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ: Սրանք այն խախտումներն են, որոնց հավանականության եւ խայտառակ բնույթի մասին մշտապես ահազանգում էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները եւ ընդդիմադիր թեւի քաղաքական գործիչները:

620 մրցույթ, որոնցից 357-ում կամ մրցույթների 57%-ի դեպքում լրջագույն խախտումներ, երբ մասնակիցների միջև մրցակցությունն ընդհանրապես բացակայել է: Խոսքը Երեւանի քաղաքապետարանի կողմից 2011-2014թթ. ընթացքում փողոցների ասֆալտապատման, շենքերի, բակային տարածքների, վերելակների, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման և այլ շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների մասին է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2 ամիս շարունակ թերթել է մրցույթներին առնչվող փաստաթղթերը եւ խախտումները ներկայացնում է ոչ թե հատ առ հատ, այլ ամբողջական փաթեթով` հակամրցակցային համաձայնություններ եւ ձեւական մրցույթներ, ինչի հետեւանքով` կանխորոշված հաղթողներ եւ մրցակցությունից դուրս մնացած բազմաթիվ տնտեսվարողներ:

ՏՄՊՊՀ վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Լուսինե Ղազարյանը երկար ու հանգամանալից ներկայացնում է խախտումներն էլ, դրանց բնույթն էլ, օրինախախտների անհիմն պատճառաբանություններն էլ։

Տարիներ շարունակ ամեն սեզոնի` ամեն ամսվա սկզբին եւ վերջին ընդամենը ամիսներ առաջ վերանորոգված փողոցները նորից քանդելու ու նորից ասֆալտապատելու շինաշխատանքները ոչ միայն հարուցում էին քաղաքացիների արդարացի զայրույթը, այլեւ ամենատարբեր հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական գործիչների կասկածն առ այն, որ խոսքն ամենաուղղակի փողերի լվացման մասին է:

Սա հարցի մի կողմն է, մյուս կողմն արդեն հաստատված այն փաստն է, որ բյուջեից հատկացված գումարներով իրականացված ծրագրերի մրցույթների զգալի մասը կրել է ձևական բնույթ, մի մասի դեպքում էլ ընկերությունները վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ տպավորություն ստեղծելով, իբրև առկա է մրցակցություն, սակայն գործել են փոխադարձ պայմանավորվածությամբ`շուկան բաժանելով եւ միմյանց միջև և հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում:

Ըստ էության՝ այսպիսով սահմանափակվել է այլ տնտեսվարողների մուտքը շուկա։ Իսկ մրցակցության բացակայության արդյունքում մրցույթներում հաղթել են բարձր գին ներկայացրած տնտեսվարողները: ՏՄՊՊՀ վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության առաջին բաժնի պետ Մանուկ Միքայելյանը չի բացառում, որ 3-4 տարվա խախտումները շարունակվում են նաեւ այս տարի:

2011-2014թթ. ընթացքում միայն ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է 49 մրցույթ` ավելի քան 20 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Մասնակցել է 19 ընկերություն: Որևէ մրցույթում մասնակիցների գնային առաջարկները չեն խաչվել, և նրանք հաղթող են ճանաչվել՝ այսպես ասած բաժանելով մրցույթները` նախապես իմանալով, թե որ դեպքում ով է հաղթելու:

Ընկերությունները այս առումով պարզաբանումներ են ներկայացրել հանձնաժողովին, պատճառաբանություններ, որոնք, հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով, չեն կարող հիմնավոր դիտարկվել։

Պետգնումների շրջանակում շինաշխատանքներ իրականացնող ընկերությունների վարքագիծը նշանակում է բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործում, անառողջ մրցակցային միջավայրի ձևավորում: Ովքեր են պատասխանատու սրա համար: ՏՄՊՊՀ- ն հայտարարում է, որ մանրամասն կուսումնասիրի ձեռքբերված տեղեկատվությունը և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոց կկիրառվի օրինախախտ տնտեսվարողների հանդեպ: Իսկ Երեւանի քաղաքապետարանի  պետգնումները կազմակերպողների չարաշահումների կամ անփութության մասին հանձնաժողովը լռում է:

Ցուցադրել ավելի
Back to top button