

ԱԺ այսօրվա արտահերթ նիստին զուգահեռ այլ քննարկումներ են տեղի ունենում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցն է քննարկվում մինչեւ լիագումար նիստի օրակարգ մտցնելը: Քննարկումները ոլորտային են եւ տեւելու են մինչեւ մայիսի 8-ը:
Այսօր հերթը Ազգային անվտանգության ծառայության, առողջապահության եւ սոցապ ոլորտներինն էր: Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի առումով ՄԻՊ-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել տարբեր բնույթի՝ սկսած բերման ենթարկվածին սահմանված 72 ժամից ավելի պահելուց մինչեւ փաստաբան չտրամադրելը կամ ցուցմունքները կորզելու ձեւերը:
Օմբուդսմենի զեկույցում կետ առ կետ նշված են ԱԱԾ-ում թույլ տրվող խախտումները, ԱԱԾ-ից դուրս եկած քաղաքացիները դիմում են ՄԻՊ-ին, բայց գրավոր դիմում չեն ցանկանում ներկայացնել՝ ուժային այդ կառույցից համենայնդեպս զգուշանալու հիմնավորմամբ: Իսկ այս ամենը հիմք է դառնում, որ ԱԾԾ ներկայացուցիչներն ասեն, թե որեւէ փաստ այս առումներով գրանցված չէ: Այդպես են արձագանքում թե ազգային անվտանգության ծառայության վարչության պետ Արայիկ Ավետիսյանը, թե նրա տեղակալ Արտեմ Դադոյանը։