Քաղաքական

Իրաքի եզդիներն ակնկալում են Հայաստանի աջակցությունը

aidaavetisyan

Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում եզդի ժողովրդի ցեղասպանությունը, բռնի կրոնափոխությունն ու  աղջիկների և կանանց  ստրկավաճառությունը շարունակվում է։ «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ  Ամո Շարոյանի  պնդմամբ՝ « Իսլամական պետություն» ահաբեկչական  խմբավորման նպատակն է վերացնել  եզդի ժողովրդին, բնաջնջել իրենց հայրենի բնօրրանից՝ Շանգալից:

Չնայած եզդիական ռազմական ջոկատի դիմադրությանը՝ ահաբեկչական խմբավորման գերության տակ են գտնվում  5- 6 հազար   մարդ՝ հիմնականում կանայք ու աղջիկներ։

Եզդիների ազգային միավորման նախագահ  Ամո Շարոյանը բազմիցս դիմել է միջազգային կառույցներին, Հայաստանում գործող արտասահմանյան դիվանագիտական կառույցներին՝ եզդիների փրկության համար աջակցություն հայցելով, սակայն համոզված է, որ ինչպես Հայոց ցեղասպանության  ժամանակ Եվրոպան  աչքերը փակեց արդարության  առջև, նույն քաղաքականությունը վարվում է  նաև  եզդիների պարագայում: Միակ հույսը հայ ժողովուրդն է, քանի որ վերջինս ցեղասպանություն վերապրածի ժառանգ է։

Հայաստանաբնակ եզդիների հետ իրավիճակից դուրս գալու  ուղիները քննարկելու նպատակով Հայաստանում է Մոսուլի ներկայացուցիչը՝  Ֆախիր Քամալը, ով եզդիական ռազմական ջոկատին զինելու համար դրամական օգնություն է ակնկալում: «2014 թվականի օգոստոսի 3- ից  եզդիների նկատմամբ իրականացվող  գործողությունները նույնն են, ինչպես կատարվեց  1915 թվականին հայերի նկատմամբ։ Ձեռագիրը նույնն է։ Ինչպես հայերն էին բնաջնջվում իրենց կրոնի համար, այսօր էլ եզդիներն են կոտորվում իրենց հավատքի համար: Եթե իրաքի եզդիները դավանափոխ լինեին և ընդունեին մահմեդականություն,  նրանց ոչինչ չէր սպառնա: Ես անձամբ եմ տեսել կանանց այն խումբը, որը  գերության էր տարվում»։

Ֆախիր Քամալը նշում է, որ Իրաքի եզդիները ակնկալում են գերտերությունների աջակցությունը, որպեսզի ազատագրեն գերիներին  և Շանգալում  ստեղծեն եզդիական  ինքնավար մարզ:

Back to top button