Քաղաքական

Ամերիկացի դիտորդները տպավորված են ԼՂՀ ընտրություններով

karenghazaryan

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականներով են լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում կիսվել ԱՄՆ-ից ժամանաց դիտորդները: Անդրադառնալով հարցին, թե որքանով են միջազգային չափանիշերին համապատասխան ընտրությունները կարեւոր ԼՂՀ ճանաչման համար, ամերիկացի դիտորդները շեշտել են, որ որքան շատ ԱՄՆ նահանգներ ճանաչեն Լեռնային Ղարաբաղը, այնքան նրանք կարող են ազդեցություն ունենալ ԱՄՆ  ղեկավարության վրա, որպեսզի նա ճանաչի ԼՂՀ-ն: Ամերիկացի դիտորդների գնահատմամբ՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել այն ժողովրդավարությունը, որ առկա է ԼՂ-ում: Նրանք գոհունակություն են հայտնել, որ ԼՂ կառավարությունը բաց է բոլոր այն առաջարկների համար, որոնք միտված են ընտրությունների բարելավմանը:

Ոչ մի տեղ այնպես չէ, որ ընտրությունները բացարձակ լավ են անցկացվում: Ամեն տեղ կա ավելի լավ ընտրություն անցկացնելու կարիք: Ամերիկացի դիտորդները տպավորված են ԼՂ խորհրդարանական ընտրություններով: Ադրբեջանի հետ համեմատություն  չեն կարող անցկացնել. երբեք չեն հրավիրվել Ադրբեջան՝ ընտրություններ դիտարկելու: Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններն էլ, հետեւաբար, համեմատում են զուտ միջազգային չափանիշների հետ:

Ներկայացնելով դիտարկումների արդյունքները՝ ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի  համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին Մաք Դոնալդն ասաց, որ իրենք ուսումնասիրել են ընտրական ամբողջ գործընթացը եւ  ականատես եղել  թափանցիկ, ազատ ու արդար պայմաններում անցկացված ընտրությունների, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշերին:

«Ականատես ենք եղել նրան, որ ամբողջ այդ ընտրական գործընթացը անց է կացվել թափանցիկ, ազատ, արդար եւ մրցակցային պայմաններում, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին»,- ասում է  Քերին Մաք Դոնալդը։

Նրա խոսքով՝ իրենք տեսել են նաեւ ընտրատեղամասերի շատ բարձր պատրաստվածություն ունեցող աշխատողների,  ականատես են եղել ընտրություններին ժողովրդավարական ազատ մասնակցության, ինչը ժողովրդավարության օրինակ է, ուստի՝ տպավորված են անցկացված  ընտրություններով:

ԱՄՆ, Դևիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնության անդամ  Քրիսթեն Աբաջյանի գնահատմամբ՝ ԼՂՀ-ն ամբողջությամբ ցույց տվեց ակտիվություն եւ ժողովրդավարական գործընթացներին հավատարմություն, ինչը անչափ կարեւոր է նաեւ մարդու իրավունքների տեսանկյունից: Քրիսթեն Աբաջյանն ասաց, որ իրենք պատրաստվելիք զեկույցում նաեւ տեխնիկական խորհուրդներ կներառեն: «Եթե այդ տեխնիկական խորհուրդները կատարվեն, ապա՝ ավելի մեծ ակտիվություն եւ մասնակցություն կարող են ընտրություններում ապահովել»:

Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլ  Պելերին էլ տպավորված էր ընտրությունների կազմակերպվածությամբ եւ դրան մասնակից կողմերի պատրաստվածությամբ: Նրա գնահատմամբ՝ ընտրական գործընթացների գրագետ կազմակերպված, համակարգված եւ էներգիայով լի աշխատանքի արդյունքում է ապահովվել 70.6 տոկոս մասնակցություն:  «Ես որպես մասնակից-դիտորդ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին,  կարող եմ արձանագրել, որ ընտրությունները անցկացվեցին թափանցիկ, արդար, որը համապատասխանում է միջազգային չափանիշերին»։

ԼՂՀ ընտրությունները դիտարկած ամերիկացի դիտորդների գնահատմամբ՝ ընտրությունները անցկացվել են այնպես, ինչպես դրանք տեղի են ունենում  ժողովրդավարական երկրներում: Նրանք ասացին, որ կարձանագրեն նաեւ խորհուրդներ, որոնցով էլ ավելի կարող են բարելավվել ընտրական գործընթացները: Իրենց տեսածն ու զգացածը կներկայացնեն իրենց երկրում՝ խնդրելով, որ օժանդակություն լինի ԼՂ-ի առավել ժողովրդավարացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button