ԱԺ- ն ընդունեց արտագնա աշխատողներին հարկելու մասին օրինագիծը


Երեկվա բուռն քննարկումից հետո խորհրդարանն այսօր ձայների 65 կողմ, 21 ձեռնպահ , 16 դեմ հարաբերակցությամբ ընդունել է եկամտահարկի և շահութահարկի օրենքներում փոփոխություններ առաջարկող աղմկահարույց օրենսդրական փաթեթը: Կողմ է քվեարկել ՀՀԿ- ն, ձեռնպահ՝ ԲՀԿ-ն, մյուս խմբակցությունները դեմ են քվերակել:
Կառավարությունը, հիշեցնենք, առաջարկում է փոփոխություններ կատարել «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում և 13 % հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր գործատուների հետ կնքված պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս:
Խոսքը վերաբերում է շինարարական արտագնա աշխատանքներին: Նախագծի հիմնավորման մեջ կառավարությունը նշում է, որ հարկային փոփոխությունը կխթանի շինարարական ծառայությունների արտահանումը և լրացուցիչ մուտքեր կապահովի ՀՀ բյուջե:
Ընդդիմադիրները կարծում են, որ նախագիծը խթանելու է արտագաղթը: Բոլոր ուժերը քվեարկությունից առաջ կրկնել են իրենց դիրքորոշումները՝ խոսելով ոչ միայն նախագծի, այլ նաև կարևոր փաթեթն արտահերթ նիստերում հատուկ կարգով քննարկելու մասին: