Հասարակություն

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Սենատում: Վաշինգտոնում նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ:

Նախագահը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի նաև ԱՄՆ կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:

Այցի շրջանակներում հանրապետության նախագահը կհյուրընկալվի «Վաշինգտոն պոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ:

Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մայիսի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով:

Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով այնուհետև կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ցուցադրել ավելի
Back to top button