Հասարակություն

Մահացել է Տեր Սահակը՝ Կիրովաբադի ինքնապաշտպանության կազմակերպիչը

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը, հայտնում են Արարատյան հայրեպետական թեմից։

Տեր Սահակի դերը հատկապես մեծ էր 1988- ի Կիրովաբադի հայության փրկության հարցում, որտեղ նա 1981 թվականից  Կիրովաբադ (Գանձա) քաղաքի հայկական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվն էր:

Արցախյան պատերազմի սկզբում, երբ Ադրբեջանի բնակավայրերում հայերը  ենթարկվում էին ջարդերի ու սպանդի, Տեր հայրը քաղաքի եկեղեցում հավաքեց ու պատսպարեց քաղաքի բազմահազար հայությանը:  Նրա համարձակության շնորհիվ  Կիրովաբադի հայերը եկեղեցու բակում կարողացան կազմակերպել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնց շնորհիվ հայ բնակչությունը կարողացավ առանց կորուստների հեռանալ քաղաքից։ Կիրովաբադն Ադրբեջանի այն քաղաքն էր, որի հայ խաղաղ բնակչությունը խուսափեց զանգվածային կոտորածներից։

Տեր Սահակ (ավազանի անունը՝ Մկրտիչ) ավագ քահանա Սահակյանը ծնվել է 1950թ. ապրիլի 25-ին, Վրաստանի Ախալցխայի Փոքր Պամաջ գյուղում: Նրա պապերը գաղթել են պատմական Էրզրումից և եղել են քահանաներ:

Սովորել է Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի Գևորգյան  Հոգևոր  ճեմարանում,

ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվել Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական  ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը և ավարտել այն։

Տեր հայրը եղել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հոգևոր թեմի առաջնորդն ու ճեմարանի տեսուչը,  Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ (նախկին Օրջոնիկիձե) քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Ս. Ներսես Շնորհալի, Երեւանում՝  Ն. Չարբախի ս. Խաչ, Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցիների հոգևոր հովիվը։

Back to top button