Ղրղզստանի միացումը ԵՏՄ-ին՝ մայիսի 8-ին


Ղրղզստանի կառավարությունը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու վերաբերյալ պայմանագրի արձանագրությունների նախագծերին: Ղրղզական կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նախօրեին կայացած նիստի ընթացքում վարչապետ Տեմիր Սարիևը նշել է, որ ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները մայիսի 8-ին կստորագրեն ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագրի արձանագրությունները:
«Փաստաթղթերը պետք է վավերացվեն, այնուհետև Ղրղզստանը պաշտոնապես կդառնա ԵՏՄ անդամ»,-ասել է Սարիևը: Նա ընդգծել է, որ կառավարությունը հստակ դիրքորոշում ունի իր երկրի՝ նորաստեղծ կառույցին միանալու հարցում. «Ոչ մի քաղաքական խաղ չկա: Բոլոր որոշումները պետք է կայացվեն ելնելով մեր երկրի շահերից: Կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է ինտեգրման գործընթացը խթանելու և մոտ ապագայում սահմանները բացելու համար», նշել է Ղրղզստանի վարչապետը: