ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ԱԳՆ. Ընտրությունները դարձել են Արցախի քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս

«2015 թ. մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան հերթական՝ վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասնակցեց ընտրողների ավելի քան 70%-ը: Ընտրություններն ընթացան ազատ և մրցակցային պայմաններում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են երեք տասնյակ երկրներից ժամանած շուրջ 100 միջազգային դիտորդների գնահատականները»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ այսօր տարածած հայտարարության մեջ։

«Խորհրդարանական ընտրությունները վերահաստատեցին այն փաստը, որ յուրաքանչյուր  ժողովրդավարական համակարգի գործունեության պարտադիր տարր հանդիսացող ընտրությունները դարձել են Արցախի քաղաքական մշակույթի բաղկացուցիչ մաս: Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները, լինելով ԼՂՀ քաղաքական գործընթացների անբաժան մեխանիզմ, ուղղված են հանրապետության հասարակական կյանքի կազմակերպմանն ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորմանը, որոնք էլ իրենց հերթին մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության առաջմղման հիմքն են:

Ընտրությունները, որպես կամարտահայտություն Արցախի ժողովրդի կողմից, ում դերը սեփական ապագան որոշելու հարցում միանշանակ ընդգծված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թ. ապրիլի 30-ի հայտարարության մեջ, նաև կարևոր ներդրում են տարածաշրջանում կայունության պահպանման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորման գործում»,- ասված է  ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Back to top button