Տնտեսական

Ինչպես «տնօրինել» արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտները

lenabadeyan
Աժ-ի արտահերթ նիստում ներկայացվել է մի օրինագիծ, որով փորձ է արվելու, այսպես ասած, «տնօրինել» արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտները: Այդ նպատակով փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվում «Եկամտային հարկի» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում: Նախատեսվում է 13 եկամտային հարկի դրույքաչափ սահմանել վարձու աշխատողների համար, ովքեր կնքված պայմանագրի համաձայն աշխատանքներ են կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս եւ այդ աշխատանքները վերաբերում են շինարարական եւ շնմոնտաժային աշխատանքներին, հստակեցրել է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Օրինաց Երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ամեն դեպքում, փորձում էր հասկանալ առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը:

«Ես հասկանում եմ, որ մենք ուզում ենք ամեն ինչն անել, նույնիսկ մեր երկրից դուրս աշխատող մարդուց եկամուտ քաղել: Ընկալելի է, ինչ ենք ուզում անել: Բայց Հայաստանից դուրս աշխատելու համար ինչու ենք նման նախագիծ բերում, երբ ասում ենք՝ եթե պայմանագրի հիման վրա մեկնում ես, ուրեմն պետք է եկամուտ պահել: Ինչն է պատճառը, ինչու ենք նման նախագիծ բերում»:

Շահարկումներից եւ սխալ մեկնաբանություններից խուսափելու նպատակով ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պարզաբանել է առաջարկվող փոփոխությունների հիմնական իմաստը:

«Այսօր ստեղծված է մի այնպիսի իրավիճակ, երբ մեր հայրենակիցները դրսում են գրանցվում եւ վճարվող եկամուտներից տվյալ երկրի պետությանն են վճարում համապատասխան եկամտային հարկը: Նպատակը եւ տրամաբանությունը հետեւյալն է՝ ստեղծենք մի այնպիսի մեխանիզմ, որպեսզի մեր քաղաքացիները գրանցում ստանան մեր գործատուների մոտ, որից հետո արդեն, երբ մեր գործատուները մատուցեն համապատասխան շինարարական ծառայություններ արտերկրի կազմակերպություններին եւ կստանան եկամուտներ՝ վճարելով նաեւ իրենց վարձու աշխատողների աշխատավարձը, այդ աշխատավարձից վճարվող եկամտահարկը կվճարվի ՀՀ պետական բյուջե: ՀՀ եւ մի շարք այլ երկրների հետ կնքված կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրերը թույլ են տալիս կիրառել այնպիսի սխեմաներ, որ վարձու աշխատողի համար որեւէ բեռ չենք նախատեսում»:

Back to top button