Թուրքերը «Ղուրանը» թարգմանել են հայերեն


Թուրքիայում Կրոնական գործերի վարչության հանձնարարությամբ` «Ղուրանը» հայերեն է թարգմանվել, նախօրեին հայտարարել է Կրոնական գործերի վարչության նախագահ Մեհմեթ Գյորմեզը, հայտնում է Ermenihaber- ը։
Թուրքական «memeurlar.net» լրատվակայքի փոխանցմամբ՝ թարգմանությունը կատարել է Անկարայի համալարանի Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի «Հայոց լեզվի և մշակույթի» մասնագետ ասպիրանտ Յավուզ Այդընը: Թարգմանությունը խմբագրել է Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Ղուրանի» այս տարբերակի նախապատրաստումը տևել է երեք տարի: Այն բաղկացած է 10 հատորից (2.500 էջ)։ Թարգմանությունը գրաքննվել է «Էրջիյես» համալսարանի գրականության ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր Ղաֆուր Մեհդիևն ու Էստուկյանի գլխավորած հանձնաժողովը:
Ընդհանուր առմամբ՝ տպագրվել է «Ղուրանի» թարգմանության 4.000 օրինակ՝ արևելահայերն և արևմտահայերեն տարբերակներով: Թարգմանության մասին իր կարծիքը հայտնելիս` Էստուկյանը մասնավորապես նշել է. «Ըստ իս՝ սա շատ էական, կարևոր և յուրահատուկ նախաձեռնություն է: Կարևոր է թե «Աստվածաշնչի» և թե «Ղուրանի» թարգմանությունը տարբեր լեզուներով»։