ԿարևորՔաղաքական

Դիվանագիտական սկանդա°լ, թե° թյուրիմացություն

lusinevasilyan

Դիվանագիտական սկանդա°լ, թե° թյուրիմացություն`  տերմինների սխալ ընտրության արդյունքում : ԱԺ արտահերթին զուգահեռ խորհրդարանական  լրագրողներն այսօր  փորձում էին հասկանալ, թե որքանով են լուրջ հայ-վրացական վերջին տարաձայնությունները:

Առիթը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովի ՝ Երևանում կայացած հանդիպումն է: Հանդիպման փաստն ինքնին  հարուցել է Վրաստանի իշխանությունների  դժգոհությունը ՝ որակվելով  որպես անբարյացկամ ժեստ պաշտոնական Երևանի կողմից : Ավելին՝ հանդիպման կայացման փաստի առնչությամբ Վրաստանի արտգործնախարարությունն իր դժգոհությունն այսօր  փոխանցել է  այդ երկրում  Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին՝ նրան արտաքին քաղաքական գերատեսչություն հրավիրելով:

Ըստ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պարզաբանման՝  հանդիպումը եղել է  մասնավոր բնույթի  եւ որևէ պաշտոնական հարց չի քննարկվել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այս պարզաբանումը հիմք ընդունելով, տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է որակում: «Օսիայի խորհրդարանի խոսնակը հրավիրվել էր ԼՂՀ-ի կողմից, որպես դիտորդ մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին: Նա ցանկություն էր հայտնել հանդիպել Գալուստ Սահակյանին, որևէ պաշտոնական հանդիպում չի եղել: Սխալ ինֆորմացիա էր գնացել, որն արդեն ուղղվել է»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախընտրում է  հիմք  ընդունել  Հայաստանի իշխանությունների մեկնաբանությունը, որովհետև «ես հրաշալի հասկանում եմ հանդիպման պաշտոնական բնույթի հնարավոր բոլոր հետևանքները»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հակված չէ տեղի ունեցածից հեռուն գնացող հետևություններ անել: Իսկ ընդհանրապես կարծում է, որ չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր այն մոտեցումն ունեն, որ չճանաչված պետությունները  չեն կարող որևէ հարաբերություն ունենալ: « Այդ ամենը ժամանակավոր բնույթ ունի. չճանաչված շատ պետություններ կան, որոնք դե ֆակտո իշխանություն են իրականացնում և այսօր չճանաչվածը վաղը կարող է ճանաչված դառնալ: Նույնը վերաբերում է Ղարաբաղին»:

Իսկ ահա «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դիտարկմամբ՝ առավել մտահոգիչ է ոչ թե այս հանդիպման առիթով Վրաստանի իշխանությունների ներկայացրած դիրքորոշումը, այլ այն մոտեցումը, որով մեր հարևան երկիրը դիտարկեց ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները: Դրանք, հիշեցնենք,  Վրաստանի ԱԳՆ-ի կողմից «ոչ լեգիտիմ» որակվեցին:

Ցուցադրել ավելի
Back to top button