ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Վիգեն Սարգսյան. Հայաստանը դարձավ Ցեղասպանության դեմ միջազգային պայքարի կարեւոր հարթակ

karenghazaryan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքներն է այսօր ամփոփել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը:  Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ձայնը եւ միջոցառումների շրջանակներում բարձրացված խնդիրները հասու են դարձել միջազգային լայն հանրությանը եւ, այդ առումով, դրված խնդիրները լիարժեքորեն կատարվել են: Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առաջիկա միջոցառումները, որոնք կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Մի շարք միջոցառումներ էլ կշարունակվեն մինչեւ գալիք տարվա ապրիլի 24-ը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մինչ օրս անցկացված միջոցառումներից Վիգեն Սարգսյանը գոհ է: Արձագանքները սպասվածից ավելին են: Նրա փոխանցմամբ՝ նույնն է նաեւ միջոցառումների անցկացման կազմկոմիտեի ընդհանուր գնահատականը: «Կազմկոմիտեի գնահատմամբ՝ ծառայել են այն հիմնական նպատակներին, որ մենք մեր առջեւ դնում էինք: Առաջին հերթին, դա միջազգային իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր, Հայոց ցեղասպանության խնդիրը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի ավելի ընդհանրական համատեքստում ներկայացնելը եւ հանրային կարծիքը մոբիլիզացնելն էր»:

vigen-100Վիգեն Սարգսյանը հատկապես առանձնացրեց այն հանգամանքը, որ Հայաստանը, ըստ էության, դարձավ Ցեղասպանության դեմ միջազգային պայքարի մի կարեւոր հարթակ: Այս գնահատականը, ի դեպ, միջազգային հայտնի ցեղասպանագետների գնահատականն է: Նրանք արձանագրել են, որ միջազգային հանրության ձայնն այդ օրերին լսելի դարձավ: Նրանցից ոմանք էլ առաջարկել են  «Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի» համաժողովը, որ անցկացվեց Երեւանում, դարձնել պարբերական, իսկ առաջնորդող դերը ստանձնի Հայաստանը: Թե ինչպես՝ մանրամասները քննարկվելու են:

Վիգեն Սարգսյանն առանձնացրեց նաեւ մի կարեւոր արդյունք՝ լիարժեք լուծվեց մեր ազգային միասնականության խնդիրը: Ըստ նրա՝ աշխատեց նաեւ քաղաքական բաղադրիչը՝ այդ օրերին ականատես եղանք նոր հայտարարությունների ու ճանաչումների մի ալիքի, որը, նրա հոմազմամբ, լինելու է շարունակական՝ արժանի հանգուցալուծումներով: «Մենք կարողացանք այդ օրերին Երեւանը պահել միջազգային ուշադրության կենտրոնում»,- ասաց։

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները դեռ շարունակվելու են, այդ թվում՝ բազմազան նախաձեռնություններ կիրականացվեն Հայաստանից դուրս՝ տարբեր երկրներում: Կան ե՛ւ մշակութային, ե՛ւ քաղաքական մշակված ծրագրեր: Ինտենսիվ գործունեությունը կշարունակի նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կայքէջը, որը նյութեր է հրապարակում 5 լեզվով:

hasmik poxosyanԻրականացվելիք մշակութային միջոցառումների մասին մանրամասներ ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Խոսվել եւ խոսվելու է նաեւ մշակույթի լեզվով ու հայ մշակույթը ներկայացվելու է աշխարհին, ինչը վերածննդի խորհուրդ ունի: Տպավորիչ է նաեւ այն աշխարհագրությունը, որ ներառում են իրականացվող մշակութային ծրագրերը:

Հասմիկ Պողոսյանը նաեւ փոխանցեց, որ պետական աջակցությամբ ստեղծվելու է 5 գեղարվեստական, 12 վավերագրական եւ 1 անիմացիոն ֆիլմ: Բոլոր ֆիլմերի նկարահանման աշխատանքները մեկնարկել են, որոշներն էլ ավարտական փուլում են:

Անցկացված բոլոր միջոցառումները չափազանց մեծ արձագանք են ստանում տարբեր երկրներում, արձանագրեց մշակույթի նախարարը՝ կարեւորելով, որ հետագա ծրագրերը նույնպես հագեցած են լինելու եւ որ բոլոր ծրագրերում մասնակցություն ունի նաեւ երիտասարդ սերունդը:

Ցուցադրել ավելի
Back to top button