Քաղաքական

Սահմանադրական փոփոխություններ. քաղաքական ուժերը դեռեւս ակտիվ չեն

lusinevasilyan

Մայիսի 5-ն այն վերջնաժամկետն է, երբ կուսակցությունները պետք է առաջարկներ ներկայացնեն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: Մինչ այժմ քաղաքական ուժերի ակտիվությունն առանձնապես մեծ չէ: Առաջարկների փաթեթ ներկայացրել են միայն ՀՅԴ-ն ու ՍԴՀԿ-ն: Մյուս կուսակցությունները չեն շտապում միանալ  բարեփոխումների գործընթացին: Հանձնաժողովի անդամներից Վարդան Պողոսյանը ենթադրում  է, որ քաղաքական ուժերն ակտիվ կլինեն, երբ նախագիծը ներկայացվի խորհրդարանի քննարկմանը:  Նա, ի դեպ, գրեթե բացառում է այլընտրանքային երկու նախագծի ներկայացումը: 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ավարտել է Սահմանադրության առաջին երեք գլուխների նախագծումն ու անցել Մայր օրենքի ամենալուրջ՝ կառավարման համակարգին վերաբերող բաժիններին:

Հիշեցնենք, որ  հանրապետության նախագահի կողմից հավանության արժանանալուց հետո հանձնաժողովը պետք է առավելագույնը 10 ամսվա ընթացքում մշակի փոփոխությունների  նախագիծն ու ներկայացնի խորհրդարանին:  

Vardan PoxosyanՄասնագիտական հանձնաժողովի անդամներից Վարդան Պողոսյանն ասում է, որ արդեն հստակ է՝ գործող Սահմանադրության առաջին երկու գլուխները ՝ սահմանադրական կարգի հիմունքներ և քաղաքացու հիմնական իրավունքներ ու ազատություններ, կտարանջատվեն ու նոր Սահմանադրության մեջ կվերածվեն 3 գլուխների :

Այս կերպ հանձնաժողովը փորձել է տարանջատել հիմնական, անմիջական գործողության ենթակա իրավունքներն ու, ասենք, պետության սոցիալական իրավունքներն ու պարտավորությունները, որոնք գործող Սահմանադրության մեջ, ըստ Պողոսյանի,  միախառնված են:

Սա գործող Սահմանադրության բացերից մեկն է։ Վարդան Պողոսյանի գնահատմամբ՝ ոչ միակը: Նա պատրաստ է երկար թվարկել այն թերությունները, որոնք կան գործող Սահմանադրության մեջ: Մեր հիշեցմանը, թե 2005-ին, ինքը ներգրավված էր սահմանադրական բարեփոխումների  գործընթացում, Վարդան Պողոսյանն այսպես   արձագանքեց: «Ես ինձ այդ տեքստի հայր չեմ համարում, որովհետև կոնցեպտուալ առումով շատ բան չեմ կարողացել փոխել այդ տեքստում: Իմ առաջարկների մի մասն ընդունվել է, ահագին մասը՝ մերժվել: Հետևաբար՝ ասել, որ Սահմանադրության գործող  տեքստը համընկնում է իմ սահմանադրաիրավական հայացքներին, չի կարելի»:

Փոխարենը՝ կարելի է ասել, որ  նոր հայեցակարգն է համապատասխանում Վարդան  Պողոսյանի սահմանադրաիրավական հայացքներին:  Դրա բովանդակության 95%-ի հետ նա համաձայն է,  կարծում է,  որ այն պրոգրեսիվ փաստաթուղթ է:  Հայեցակարգը հրապարակված է, իսկ դրա հիմքով պատրաստվող նախագիծը մշակման փուլում է:

Արդյոք մե՞ծ է լինելու տարբերությունը հայեցակարգի և նախագծի միջև: «Նախագիծը գրեթե ամբողջությամբ կհամապատասխանի հայեցակարգում ներկայացված դրույթներին: Ասում եմ գրեթե, որովհետև հայեցակարգում կան այլընտրանք պարունակող որոշ տեղեր, իսկ դատական իշխանությանը վերաբերող բաժնում հստակ նշված չեն բարեփոխումների ուղղությունները: Տրված են միայն ընդհանուր նպատակները՝առանց դրանց հասնելու հնարավոր տարբերակների: Ինչ վերաբերում է հիմնական իրավունքներին և կառավարման համակարգին, ապա այս բաժինների համար հայեցակարգը բավականին հստակ կողմնորոշիչ է»:

Սա նշանակում է, որ հանձնաժողովը նախագծում կանգ կառնի կառավարման խորհրդարանական մոդելի վրա, ինչը որպես տարբերակ  առաջարկել էր հայեցակարգում: Վարդան Պողոսյանն ասում է, որ այս հարցում հանձնաժողովի դիրքորոշումը վերջնական է: «Մենք վերլուծել ենք գործող կառավարման համակարգը, փորձել ենք վեր հանված խնդիրների լուծումներ առաջարկել, բայց եզրակացրել ենք, որ կան խնդիրներ, որոնք կարող են արդյունավետ լուծում ունենալ խորհրդարանական համակարգի անցնելու պարագայում»:

Սա մասնագիտական դիտանկյունն է: Ըստ Պողոսյանի՝ հանձնաժողովը գիտակցում է նաև, որ կառավարման մի համակարգից մեկ այլ համակարգի անցնելու համար միայն մասնագիտական գնահատականները բավարար չեն, անհրաժեշտ է քաղաքական կամք, որոշակի համաձայնություն քաղաքական ուժերի միջև:

Դրա համար էլ հանձնաժողովը դիմել է քաղաքական ուժերին՝ մինչև մայիսի 5-ը իրենց առաջարկությունները ներկայացնելու համար: Առաջարկների տարափ կարծես թե չկա: Թե ինչու պրոգրեսիվ փաստաթուղթը քաղաքական շրջանակներում  բավականին շատ ընդդիմախոսներ ունի, Վարդան Պողոսյանը բացատրում է  անվստահության մթնոլորտով, հանրության կողմից Սահմանադրությունը չարժևորելու ակնհայտ իրողությամբ:

Ասում է՝ կարճ ժամանակահատվածումում հնարավոր չէ կարծրացած նման մոտեցումը փոփոխության ենթարկել: Ինչ վերաբերում է բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերի հիմնական  քննադատությանը, փաստարկին, թե  առաջարկվող փոփոխությունները ապահովելու են իշխանության վերարտադրությունը, ապա այն հետևյալ հակափաստարն է ստանում: « Եթե անարդար ձևով իշխանության վերարտադրումը  միշտ հնարավոր է եղել՝ ըստ ընդդիմության, հարց է առաջանում, թե  ի՞նչն է խանգարում նույն այդ իշխանությանը վերարտադրվելու հաջորդ տարիների, հատկապես այն պայմաններում, երբ կա անձնակենտրոն իշխանություն, հանրապետության նախագահի ձեռքում կենտրոնացած իշխանություն, որն  ունի պառլամենտական մեծամասնություն իր բոլոր հետևանքներով»:

Ցուցադրել ավելի
Back to top button