Մեկնարկել է Քիմիա առարկայի դպրոցականների Մենդելեևյան 49-րդ միջազգային օլիմպիադան


Մեկնարկել է Քիմիա առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադան: Օլիմպիադային մասնակցում են 15 երկրի 92 աշակերտներ և թիմերի 20 ղեկավարներ: Մասնակից երկրներն են Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լիտվա, Ղրղզստան. Ղազածստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Սաուդյան Արաբիա: Օլիմպիադային մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև օլիմպիադայի կազմկոմիտեի համանախագահը և անդամները՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկանն ու տեղակալը, ինչպես նաև հայտնի այլ գիտնականներ: Ժյուրիի կազմը բաղկացած է 32 անդամներից, որոնցից 11-ը Հայաստանից են:
Երևանում այսօր բացվեց Քիմիա առարկայի դպրոցականների Մենդելեևյան 49-րդ միջազգային օլիմպիադան: Լինելով ամենահին օլիմպիադաներից մեկը՝ Մենդելեևյան օլիմպիադան Հայաստանում արդեն 3-րդ անգամ է անցկացվում: Երևանում առաջին անգամ անցկացվել է 1997 թվականին: Այս տարի օլիմպիադային մասնակցում են 15 երկրի 92 աշակերտներ և թիմերի 20 ղեկավարներ: Քիմիա առարկայի 49-րդ միջազգային օլիմպիադան անցկացվելու է Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ողջունելով 49-րդ օլիմպիադայի բացում՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում աշակերտական օլիմպիական շարժմանը և այդ առումով պատահական չէ նաև այն, որ մեր դպրոցականները մշտապես մրցանակներ և մեդալներ են նվաճում օլիմպիադաներում, նշեց նախարարը: Արմեն Աշոտյանը մեծ սպասելիքներ ունի նաև այս օլիմպիադայից:
Հայաստանից օլիմպիադային մանակցում են 11 աշակերտներ՝ այդ թվում մարզային դպրոցներից: Նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հայաստանյան թիմը պատրաստ է մասնակցել նաև Բաքվում կայանալիք քիմիայի միջազգային օլիմպիադային, որը կանցկացվի ամռանը: Սակայն հայաստանյան մասնակցությունը պայմանավորված է հայաստանյան պատվիրակության համար նախատեսվող անվտանգության երաշխիքներով:
«Ամենայն հավանականությամբ մեր պատվիրակությանը կուղեկցեմ ես, եթե իհարկե մենք գնանք Բաքու: Բայց իհարկե պետք է ստանանք պետական անվտանգության երաշխիքներ և փորձենք վերադառնալ մեդալով»:
Վերադառնալով Մենդելեևյան միջազգային օլիմպիադային, նշենք, որ այն ամենամյա է: Այս տարվա արդյունքները կամփոփվեն մայիսի 8-ին: