ԿարևորՀասարակություն

Մայիսի 17- ին կանցկացվեն համայնքների խոշորացման տեղական հանրաքվեներ

lenabadeyan

Մայիսի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվի համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվե։ Ծրագիրը «պիլոտային» է կոչվում, ուստի փորձնական այն կիրառվելու է առայժմ 3 մարզերում՝ Լոռիում, Սյունիքում եւ Տավուշում: Այս ծրագրի հանդեպ վերաբերմունքը հակասական է, եւ ամեն ինչը վերջնական հասկանալու համար այսօր ԱԺ-ում կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ:

Համայնքների խոշորացմանը դեմ արտահայտվողների հիմնական դժգոհության պատճառը անվստահությունն է, նաեւ գյուղացիները չգիտեն՝ ինչ է լինելու հետո: Իսկ ծրագրի կողմնակիցները վստահեցնում են, «հետո» չեն լինելու այն բոլոր խնդիրները, որոնք այսօր շահարկվում են:

Համենայնդեպս՝ նման վստահեցումներ ԱԺ-ում հնչեցնում էր տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:

MHM95578 copy«Որեւէ խնայողության մասին խոսք չկա: Կա ընդամենը ռեսուրսների՝ այդ թվում նաեւ ֆինանսական, վերաբաշխման հնարավորություն ստեղծելու հնարավորություն: Խոսակցությունները աշխատատեղեր կրճատելու, կրճատման հաշվին ինչ- որ բաներ անելու,չի համապատասխանում իրականությանը: Նույնիսկ ավելին՝ մենք հաշվել ենք 20 տոկոս լրավճարով՝ համարելով, որ զարգացում է գնում։ Այնուամենայնիվ՝ աշխատավարձերը պետք է բարձրանան»,- ասում է Տերտերյանը։

Համայնքների խոշորացման կողմնակիցները նշում են՝ 1996 թվականի խոշորացումը ճիշտ չի ընթացել: Հայաստանի համայնքների եւ ֆինանսիստների միության ղեկավար, փորձագետ Վահան Մովսիսյանը փորձում է օրինակով դա ապացուցել: «Որպեսզի կարողանանք հասնել Քաշունի համայնք, պետք է Տաթեւ համայնքից գրունտային ճանապարհով մի քանի կիլոմետրով հասնել ինչ- որ մի նշան արած տեղ, որտեղ մի գրուզավիկի ջարդած մաս է գցած ու ասում են այդ մասից հետո ճանապարհով աջ կթեքվեք ու կգնաք դաշտամիջյան հողային ճանապարհով: Մի քանի կիլոմետր հետո, երբ հասանք այդ համայնքը, պարզվեց, որ այնտեղ գոյություն ունի ընդամենը 11 տուն: Այնպես չէ, որ 100 է եղել դարձել է 11, ոչ: Ընդամենը 6-ի վրա կար ծածկ, որոնցից միայն մեկից էր ծուխ դուրս գալիս, որում կար ընդամենը 3 բնակիչ: Բոլորի հետ էլ հանդիպեցինք, որոնցից մեկը գյուղապետն էր, այն էլ՝ զանգով էր հասել տեղ»:

Մոտավորապես նույն վիճակն այսօր տիրում է Հայաստանի առնվազն 50 գյուղերում: Մեկ այլ պատմություն է, երբ գյուղի տներն օգտագործվում են որպես ամառանողներ՝ բացառությամբ ամառվա ամիսների մարդիկ այնտեղ չեն բնակվում: Բայց այս ամենի համար առանձին-առանձին բյուջեին գումար է հատկացվում, իսկ հատկացված բյուջեի 90-95 տոկոսը ծախսվում է վարչական ապարատաի պահպանման վրա, ցույց են տվել ուսումնասիրությունները: Ասում են, որ համայնքների խոշորացումը կլուծի այս խնդիրները: Նախքան համայնքների խոշորացումը փորձնական երեք մարզերում մայիսի 17-ին անցկացվելու է տեղական հանրաքվե: Արդեն ձեւավորվել է 34 տեղամասային կենտրոն:

Այնպես չէ, որ հանրաքվեով բնակիչների արտահայտած տեսակետը միակն է եւ անբեկանելի: Պարզվում է՝ սա պարզապես ձեւական բնույթ է կրելու։ «Այո, նշանակված են հանրաքվեներ՝ ի կատարումն մեր երկրի Սահմանադրության: Տեղական հանրաքվեի արդյունքները կարող են ընդամենը լինեն խորհրդատվական եւ կողմնորոշիչ»,- նկատում է Վաչե Տերտերյանը։

Ինչ վերաբերում է հանրաքվեից հետո սպասվող փոփոխություններին, ապա դրանից հետո կլինի հետեւյալ պատկերը: Թումանյան համայնքի խոշորացման արդյունքում միավորելու են Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները։ Բնակչությունը կլինի 4,5 հազարից ավելի, կենտրոնը՝ Թումանյանը:

Թվով 8 համայնք՝ Տաթեւը, Հալիձորը, Հարժիսը, Շինուհայրը, Սվարանցը, Խոտը, Տանձատափը, Քասունին կմիավորվեն, բնակչությունը կհասնի մոտ 6 հազարի, կենտրոնը կլինի Շինուհայրը, քանի որ այդտեղ ենթակառուցվածքները եւ բնակչությունը շատ է:

Իսկ Դիլիջան համայնքի միավորման արդյունքում կմիավորվեն Դիլիջանը, Հաղարծինը, Թեղուտը, Գոշը, Աղավնավանքը, Խաչարձանը, Հովքը։ Բնակչությունը 25,5 հազարից ավելի կլինի, իսկ կենտրոնը՝ Դիլիջանը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ի հանրաքվեի արդյունքները կամփոփվեն դրանից հետո 5-րդ օրը՝ մայիսի 22-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button