Քաղաքական

ԼՂՀ-ն նոր խորհրդարան ունի

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը նոր խորհրդարան ունի: Երեկ  տեղի են ունեցել հերթական ընտրությունները, որոնց մասնակցել է ընտրողների մոտ 70 տոկոսը: Արցախի նորակազմ Ազգային ժողովը գործելու է մշտական հիմունքներով: Այն ունի 33 պատգամավոր, որից 22-կուսակցական ցուցակներով են խորհրդարան մտնելու, իսկ 11-ը՝ մեծամասնական:

 

Քվեարկության պաշտոնական տվյալները ԿԸՀ նախագահը հրապարակելու է  ժամը 1-ին:  Ընտրատարածքներից ստացված նախնական ոչ պաշտոնական տվյալների համաձայն առաջատարը գործող վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունն է:  Արդեն հայտնի է, որ կուսակցության թեկնածուները հաղթել են չորս մեծամասնական ընտրատարծքներում:

Երեքական մեծամասնական մանդատ ունեն ժողովրդավարները և դաշնակցականները, մեկ ընտրատածաքում հաղթել է «Շարժում 88»-ի թեկնածուն՝ Վիտալի Բալասանյանը: Մեկ ընտրատարածքում հաղթանակած թեկնածուն անկուսակցական է:  Ըստ դիտարկումների՝ նույն կերպ նաև համամասնական մանդատներն են բախշվել:  Խորհրդարան անցնելու հնարավորություն ունի նաև «Ազգային վերածնունդը»:

Նշենք, որ սրանք ոչ պաշտոնական տվյալներ են:

Այս պահին ԿԸՀ մամուլի կենտրոնում իրենց արձանագրություններն են հրապարակում  դիտորդական առաքելությունները:

Երեկ քվեարկության ընթացքում նրանցից շատերը գոհունակություն են հայտնել  գործընթացից:

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը նաև խոսել է ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ Եվրամիության և միջազգային կառույցների  դիրքորշումից:

«Այն փաստը, որ ես այսօր գտնվում եմ այստեղ, առնվազն խոսում է այն մասին, որ ճանաչում եմ ընտրությունները։ Գտնում եմ, որ ԼՂ ժողովրդի համար ավելի նախընտրելի է ժողովրդավարական պետության կառուցումը առանց ճանաչման, քան թե ճանաչում՝ առանց ժողովրդավարության»:

«Հայաստանի Եվրոպական բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, մեկնաբանելով Եվրախորհրդարանի եւ միջազգային որոշ կառույցների ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությունը, ասել է՝ «Կարծում եմ, որ դա հայտարարության մի կողմն է, իսկ մյուս կողմը նա է, որ նրանք արձագանքում են Ղարաբաղում ազատ կամքի արտահայտմանը»,-այսօր մեզ հետ զրուցում հայտարարել է Էդուարդո Լորենցո Օչոան:

«Այս ամենից անկախ, իմ կարծիքով, ընդգծելի է այն, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում ավելի է զարգանում, եւ Ղարաբաղը այդ գործընթացի վառ օրինակն է հանդիսանում»,-հավելել է նա:

Լրացնեմ, որ ընտրություններին հետևում էր  մոտ  100 միջազգային դիտորդ  շուրջ 25 երկրից:

Ցուցադրել ավելի
Back to top button