ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,6 տոկոսը


ԼՂՀ-ում երեկ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ էին: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը Երևանում էր, ևս մեկը՝ քրեակատարողական հիմնարկում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ: ԼՂՀ-ում իրենց քաղաքացիական պարտքն է կատարել ընտրողների 70,6 տոկոսը: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ լրացուցիչ ցուցակներով ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ ԼՂՀ 102 հազար 034 քաղաքացի, նրանցից քվեարկությանը մասնակցել է 72 հազար 039-ը: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակել է ԿԸՀ հաղորդագրությունը Ազգային ժողովի ընտրություններում քվեարկության ընթացքի մասին` ժամը 20:00-ի դրությամբ:
ԼՂՀ ընտրություններին հետևելու համար Ստեփանակերտում դիտորդական առաքելություն են իրականացրել100-ից ավելի միջազգային դիտորդներ և 110 տեղական դիտորդներ: Նշենք նաև, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն երեկ ավելի վաղ ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող` Եվրախորհրդարանի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի ու Գերմանիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների: