Սպորտ

«Սպարտակի» թուրք մարզիչը հերքում է Օզբիլիսի մեղադրանքները

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը հայտարարել է, որ չէր սպասում, թե ակումբի հայ ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը հիմնական կազմ իրեն չընդգրկելուն ազգային երանգ կտա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես ցավում եմ միջադեպի համար։ Ամբողջովին հերքում եմ բոլոր մեղադրանքները։ Այդ խոսքերն ինձ համար ցավոտ էին, այժմ տխուր եմ։ Որեւէ կերպ չէի կարող մտածել, որ խաղացողը կարող է նման կերպ մեկնաբանել զուտ մարզական որոշումը»,- շվեյցարական Blick հանդեսին տված հարցազրույցում ասել է Յակինը։

Ավելի վաղ՝ Օզբիլիսը քննադատել էր մարզչին՝ իրեն հիմնական կազմում չընդգրկելու համար։ «Չեմ կարող խոսել նրա որպես մարզիչի մասին, քանի որ անգամ նրա ղեկավարությամբ չեմ խաղացել… Ես միշտ փորձել եմ ցրել այդ միտքը, սակայն այժմ հարցնում եմ ինքս ինձ՝ կարող է սա տեղի է ունենում, քանի որ ես հա՞յ եմ, իսկ մարզիչը՝ թո՞ւրք։ Ի՞նչ է մտածում Մովսիսյանը (Յուրա Մովսիսյան. խմբ.)։ Ի՞նչ կարող է մտածել մարդը, որը վերջին տարիներին մի սեզոնում խփել է առնվազն 15 գոլ, եւ որին մի վայրկյանում դադարել են վստահել եւ դաշտ թողնել։ Նա ի՞նչ է, կարող էր այդքան արագ ամենալավ հարձակվողներից մեկից վերածվել պահեստայինի՞։ Գուցե խնդիրը նրանո՞ւմ չէ։ Սա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Սակայն այն, որ ինձ դուրս են հանում «Սպարտակի» առաջին թիմից Յակինը հայտնել է հենց Օսմանյան կայսրությունում հայող ցեղասպանության 100- րդ տարելիցի օրը»,- Օզբիլիսի խոսքերն էր մեջբերել «Спорт-Экспрес»- ը։

Ավելի ուշ՝ հայ ֆուտբոլիստն ասել էր, որ իրեն ճիշտ չեն հասկացել եւ հայտարարությունների համար որպես տուգանք զրկվել էր պարգեւատրումից։

Ցուցադրել ավելի
Back to top button