ՀասարակությունՑեղասպանություն 100

«Մահմեդական ենք, սակայն եկել ենք հարգելու քրիստոնյա անմեղ նահատակների հիշատակ»

aidaavetisyan

Աշխարհը թերևս մաս առ մաս ստանձնում է ցեղասպանության դեմ պայքարի դերը եւ եթե այն չգնահատվի, չթոթափվի այդ ծանրագույն բեռը, անխուսափելիորեն  կհանգեցնի նորանոր ջարդերի, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է եգիպտացի լրագրող  Լիլիան Դաուդին։

«Հայոց ցեղասպանության թեման Եգիպտոսում լայնորեն սկսել է շրջանառվել հատկապես վերջին 4 տարիներին: Եգիպտական մամուլը սկսել է մեծ հետաքրքրություն ցուցաբերել  հայկական դատի  նկատմամբ։ Մենք դատապարտում ենք Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը»,- ասում է նա։

Երբ նայում ենք հայոց ջարդերի և ավերումների  երկար ու ձիգ շարանը, որը քարտեզից անթիվ-անհամար հայաբնակ քաղաքներ ու գյուղեր է վերացրել, ամայացրել ընդարձակ տարածքներ, առաջ բերել հայերի աշխարհասփյուռ գաղթեր, ապա հիանում ենք հայ ժողովրդով, որը ոչ միայն դիմակայեց այս եղեռնին, այլև մերժեց ուծացումն ու դավանափոխումը, որոնք կարող էին վերջ դնել ցավագին դժբախտություններին, շարունակում է Դաուդին եւ միտքն ամբողջացնում. «Սա ամբողջ մի ժողովրդի խիղճ է և կգա ժամանակ, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»։

Առաջին անգամ Հայաստանում գտնվող  լրագրողը հիացած էր Հայաստանի տեսարժան վայրերով, կարճ ժամանակահատվածում հասցրել էր լինել  հայկական պատմական  եկեղեցիներում: Սակայն երբ  եղել  է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում, ամբողջովին  մթագնել  են  զգացողությունները:  «Երբ եղանք Հայոց ցեղասպանության թանգարանում, ահասարսուռ էր այն տեսարանը,  ինչի  ականատեսը եղավ լրագրողների մեր պատվիրակությունը: Շատ էինք լսել հայերի կոտորածների մասին, սակայն երբ դա տեսնում ես նկարներով՝  ուրիշ զգացողություն է»,- ասում է։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը « Ռադիոլուրի» հետ  զրույցում նշեց, որ  արաբ լրագրողների  պատվիրակության՝ թանգարանում անցկացված էքսկուրսիան տպավորիչ էր: Վերջիններիս հետաքրքրել էր արաբներին վերաբերող հատվածները:

Արդեն  երրորդ անգամ Հայաստանում  գտնվող մեկ այլ արաբ լրագրող՝  Ահմադ Ուֆրոնը, նունպես հետաքրքրված լինելով  հայոց ցեղասպանության թեմայով, սկսել է հայ դատի մասին  պատրաստել գիտական աշխատանք: Վերջինս էլ է կարծում, որ Թուրքիայի՝ 1915 թվականի հայաջնջման քաղաքականությունը չդատապարտվելու  դեպքում՝ այն կրկնվի նաև 21-րդ դարում այլ ազգերի նկատմամբ։

«1915 թվականին կատարվածը մեծ հացագործություն է մարդկության դեմ:  Ես կողմնակից եմ, որ դատապարտվի հայոց ցեղասպանությունը, որպեսզի այն չկրկնվի նաև 21-րդ դարում: Մահմեդական ենք, սակայն եկել ենք հարգելու  քրիստոնյա անմեղ նահատակների հիշատակ»։

Ըստ արաբ լրագրողի՝ չնայած  ապրիլի 24-ը Թուրքիայում նշում էին  Գալիպոլիի ճակատամարտում տարած իրենց հաղթանակը, սակայն  շատ թուրք քաղաքացիներ ընդունում են, որ իրենց պետության կողմից 1915 թվականին իրականացվածը ցեղասպանություն է:

Եվ քանի որ այս տարի աշխարհի շատ երկրներ միացան Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին, արաբ լրագրողը կարծում է, որ այն  իր արձագանքը կունենա նաև Թուրքիայում: «Ես մահմեդական եմ, սակայն դեմ եմ Թուրքիայի կողմից կատարած  ոճրագործությանը, և իմ այցը Հայաստան ապացույցն է, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն են:  Հայերը շատ կորուստներ են ունեցել և այս երկիրն ինքը պետք է որոշի,  թե ինչ է պահանջելու Թուրքիայից որպես փոխհատուցում»։

Ցուցադրել ավելի
Back to top button