ՄշակույթՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանությունը 100 տարի առաջ. արցունքի ճանապարհ». ցուցահանդես գերմանական Բոխումում

lianaeghiazaryan

Գերմանիայի Բոխում քաղաքում օրերս բացվել է արտասովոր մի ցուցահանդես, որը բաց կլինի մինչեւ հունիսի 25-ը: Գերմանացի պրոֆեսոր Լիզա Սթիբորը ներկայացել է «Հայոց ցեղասպանությունը 100 տարի առաջ. արցունքի ճանապարհ» խորագրով ցուցահանդեսով  ու ներկայացրել Արեւմտյան Հայաստանից գաղթող հայերի իրական ոտնահետքերը եւ արտագաղթի ճանապարհը:

Գերմանական լրատվամիջոցները չեն դադարում անդրադառնալ այս եւ 100 տարի առաջվա ապրիլքսանչորսյան իրադարձություններին եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենաբազմազան միջոցառումներին: Այդ նախաձեռնություններից մեկն էլ ապրիլի 28-ին Գերմանիայի Բոխում քաղաքում անցկացվող արտասովոր եւ ուշագրավ ցուցահանդեսն է:

Գերմանացի Լիզա Մարիա Սթիբորը 1993 թվականից պրոֆեսորի կոչում ունի, նկարչուհի է: Մասնագիտական աչքից չեն վրիպել Հայոց ցեղասպանության պատմական փաստը բնորոշող արտառոց դրվագները: «Արցունքի ճանապարհ» խորագրով ցուցահանդեսում մարդկային խեղված ճակատագրերի մասին նա խոսում է վայրերի ու նշանների ներկայացմամբ` փշրելու հայոց ջարդերի մասին առ այսօր պահպանվող լռությունը:

«Ամենասարսափելին այնպես ասել, որ այլեւս սարսափելի չլինի: Դա հույս է տալիս, քանի որ ասվում է դրա մասին»,- ասում է պրոֆեսոր Լիզա Մարիա Սթիբորը:

«Գերմանիայի հայ ակադեմիականների միություն­-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող «Հայկական գարուն» միջոցառումների շարքից առանձնացնում ու շեշտադրում է հենց այս ցուցահանդեսը` գաղթի ճանապարհ ու ոտնահետքեր` կոտորված հայերի իրական ոտնահետքերն են ցուցադրվում:

«Մի գերմանացի պրոֆեսոր գնացել է Արեւմտյան Հայաստան և հատուկ թղթերի վրա վերցրել դեպորտացիայի ճանապարհի հետքերը: Հատուկ թուղթ կա, փռում ես գետնին ու մատիտով վերցնում հետքերը: Մենք այդ հետքերի նկարների ցուցահանդեսն ենք կազմակերպել Բոխումում: Ներկայացված է նաեւ Արեւմտյան Հայաստանի քաղաքների տեղահանված հայերի թվաքանակը եւ այլն»։

Ցուցահանդեսի աշխատանքները մասնագետները որակում են որպես արտակարգ նկարներ, եզակի գործեր, որոնք ներկայացվում են առաջին անգամ: Ներկայացված է 10 աշխատանք` 10 կից բացատրական նկարներով, որոնք պատկերում են  Արեւմտյան Հայաստանի հայկական բնակավայրերը մինչեւ Ցեղասպանությունը, ապա ավերված եկեղեցիները:

Մեկ առանձին նկարով ներկայացված է Հայոց ցեղասպանության քարտեզը: Մեկ այլով` պրոֆեսոր Սթիբորը` նկարելու պահին: Բեռլինում բնակվող պրոֆեսորի աշխատանքներին ծանոթանալուց հետո ցուցահանդեսի միտքը նրան հուշել է «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն­-1860» կազմակերպության նախագահ Ազատ Օրդուխանյանը` հրավիրելով Բոխում եւ համատեղ նախաձեռնելով արտասովոր աշխատանքների ցուցադրումը:

Ցուցահանդեսն ուղեկցվում է Ցեղասպանությունից մազապուրծ հայերի թոռների վկայություններով, որոնք ներկայացնում են իրենց տատերի ու պապերի փրկման պատմությունները:  «Սա առանձնակի առիթ է, որպեսզի վերապրածների թոռները փոխանցեն իրենց տատերի ու պապերի պատմածները` Հայոց ցեղասպանության վկայությունը»,- ասում է Ազատ Օրդուխանյանը:

Ցուցահանդեսը լայն հասարակության համար բաց կլինի մինչեւ հունիսի 25-ը` Բոխումի քաղաքային ակադեմիայի աշխատանքային ժամերին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button