Թուրքիայի ապագա խորհրդարանում հնարավոր է լինի երեք հայ պատգամավոր


Թուրքիայում պատրաստվում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: Այս տարի հայ թեկնածուների առաջադրումը ոչ միայն ներքաղաքական, այլ նաեւ հստակ արտաքին քաղաքական նպատակներ ունի: Այս քաղաքական իրադարձությունը հետաքրքիր է նաեւ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված զարգացումներից հետո:
Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 կուսակցություններից երեքի ցուցակներում ընդգրկվել են Թուրքիայի հայ քաղաքացիների թեկնածություններ: Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակության ցուցակում առաջին անգամ ծագումով հայ ընդգրկված թեկնածուն Մարգար Եսայանն է, ով աշխատում է կառավարամետ թերթերից մեկում եւ հանդես գալիս հիմնականում իշխանամետ հոդվածներով ու ելույթներով:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Ստամբուլից ներկայացրել է պոլսահայ Կարո Պայլանի եւ Մուրադ Մըհչընի թեկնածությունները: Բայց գլխավոր անակնկալ է համարում հայազգի Սելինա Դողանի թեկնածությունը, որին առաջադրել է քեմալական ժողովրդահանրապետական կուսակցությունը: Այս զարգացումներին ուշիուշով հետեւում են նաեւ Հայաստանում։
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը համոզված է՝ ամեն դեպքում հայ պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում կլինի: «Եթե ամեն ինչ հաջող լինի, 3 հայ պատգամավոր կունենանք, երեքն էլ անցողիկ տեղերում են: Կարապետ Պայլանը բավականին ազդեցիկ հեռուստաեթերներում բավականին խիզախ եւ համարձակ հայտարարություններով էր հադես գալիս ցեղասպանության դատապարտման, ներկայում շարունակվող քաղաքականության մասին։ Քեմալականների թեկնածուն էլ բավականին համարձակ կին թեկնածու է, իրավաբան: Բավականին համարձակ «Ալ-Ջազիրային» եւ, մի քանի այն հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց, որ 15 թվի տեղահանությունը էլի շարունակվում է, ու ասաց ավելին. <Էրդողանին չեմ ներելու»,- ասում է Իսպիրյանը։
Միայն հայազգի պատգամավորների ներկայությունը չէ Թուրքիայի խորհրդարանում, որ բխում են Հայաստանի շահերից: Անցողիկ շեմը հաղթահարելու եւ մանդատներ ստանալու հարցում լավատես է նաեւ Կանաչների եւ ձախակողմյանների ապագայի կուսակցությունը: Մեր շահն այստեղ այն է, որ հենց այս կուսակցության նախագահ Նաջի Սոմնեզը էր այս տարի ապրիլի 24-ին եկել Երեւան՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու եւ ներողություն խնդրելու համար։
«Մեր կուսակցության անունից, որպես կուսակցության նախագահ, շատ հպարտ եմ, որ այստեղ եմ: Ես միանում եմ բոլոր հարցերին, որոնք մատնանշվեցին եւ կարծում եմ, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ միասին մենք բոլոր հարցերի ընդհանուր քննարկմանը կմիանանք: Այդ կուսակցությունը արդեն հավակնում է լինել Թուրքիայում հայ ժողովրդի կուսակցությունը: Դա այն կուսակցությունն է, որը հանդիսանում է Թուրքիայում ապրող հայերի, վրացիների, թուրքերի, ասորիների, Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների կուսակցություն»,- ասում է Սոմնեզը։
Ի դեպ՝այս քաղաքական գործիչը մեծ հույսեր ունի, որ հունիսի 7-ից հետո նա էլ իր տեղը կզբաղեցնի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: «Հրանտ Դինքն իմ եղբայրն էր, իմ ընկերն էր: Երբ նրան սպանեցին՝ մենք բոլորս դուրս եկանք եւ ասացինք, որ բոլորս հայ ենք: Հավատում եմ, որ գալու է ժամանակը, որ այս բոլոր հարցերը կարգավորվելու են»:
Ինչ վերաբերում է ընդհանրապես Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին, ապա դա առիթ է նաեւ ներքաղաքական լուրջ պայքարի նաեւ իշխանական կուսակցության մեջ, մասնավորապես Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ, ասում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: «Բավականին լարված իրավիճակ է Թուրքիայում՝ լուրջ հակասություններով լի: Իշխող կուսակցության ստվար հատված չի կարող երկրորդ անգամ առաջադրվել, Էրդողանը բավականին քիչ պատգամավորներ ունի ներկա ցուցակում»:
Ամփոփելով հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առնվազն 4 հայ թեկնածու, բոլորն էլ պայքարելու են Ստամբուլում: