Տնտեսական

Լավատեսությունը տնտեսական կյանքում այս տարի արդարացված չէ

lianaeghiazaryan

Հայաստանը տնտեսական անկման փուլում է, ինչը պարտադրում է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել: Բայց այսօր տարվող մասնավորապես դրամավարկային քաղաքականությունն ամենեւին էլ չի նպաստում տնտեսությանը: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այն համոզմանն է, որ այսօր բանկերի սահմանած վարկային բարձր տոկոսադրույքները հակառակ ազդեցությունն են ունենում:  Նրա համար ամենեւին հասկանալի չէ տնտեսության այս լարված վիճակում շահութաբերություն ունենալու` ֆինանսական կառույցների քաղաքականությունը:

Ի՞նչ է ենթադրում ճիշտ տնտեսական քաղաքականությունը: Կառավարությունը որպես դրան ուղղված քայլերից մեկը կիրառում է ստվերի կրճատումը: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ճիշտ հակառակ դիրքորոշմանն է: Ստվերը մեր երկրում բիզնեսի գոյության նախապայմանն է, ասում է:

Մինչեւ ուր կհասնի դոլարի նկատմամբ դրամի` այսօր կրկին նկատվող արժեզրկումը: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը դոլարի դիրքերի ուժեղացումը կապում է ապրիլքսանչորսյան իրադարձությունների հետ եւ կարծում, որ մինչեւ սեպտեմբեր, իսկ որոշ փորձագետների գնահատականով մինչեւ տարեվերջ, դոլարը կմնա ներկայիս մակարդակի վրա: Եվրոյի գոտում կարող են նոր տատանումներ լինել` հապված Հունաստանում տնտեսական հնարավոր ցնցումների հետ: Իսկ ռուբլու փոխարժեքի հնարավոր փոփոխությունները տնտեսագետը կապում է նավթի գների հետ:

Կենտրոնական բանկը երեկ հրապարակել է ֆինանսական վերջին ցուցանիշերը: Ըստ այդմ` Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ուղարկվող տրանսֆերների ծավալները կտրուկ կրճատվել են, հակառակը` ավելացել են Հայաստանից ուղարկվող դրամական ծավալները: Տնտեսական բոլոր միտումները գալիս են հիմնավորելու տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի տարեսկզբի կանխատեսումներն այն մասին, որ այս տարի զրոյական տնտեսական աճ ենք ունենալու եւ ապրելու ենք ավելի վատ, քան՝ անցյալ տարի:

«Ռադիոլուր»-ը Վիլեն Խաչատրյանից հետաքրքրվեց` բացասական այս միտումների դեպքում արդյո՞ք դատապարտված չեն կառավարության ծրագրերը, որոնց հիմքում լավատեսական սցենարներ են։ «Լավատեսությունն այս տարի մեր երկրի տնտեսական կյանքում ամենադժվար արդարացվողներից է լինելու»,- ասաց նա։

Back to top button