Ելքը արեւային էներգետիկան է. գիտնականին մտահոգում է ԱԷԿ- ի անվտանգության մակարդակը՝ վերանորոգումից հետո


Ատոմակայանի վերաբերյալ խորհրդարանական քննարկումները պրոֆեսիոնալ չէին, այսօր հայտարարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը: Նրա համոզմամբ՝ ատոմակայանի վերանորոգմամբ անվտանգության աստիճանն ավելի կընկնի, քան այն այսօր կա: Վահան Համազասպյանը այսօր կրկին բարձրացրել է արեւային էներգետիկայի անցնելու անհրաժետության մասին:
Խորհրդարանում ատոմակայանի վերաբերյալ քննարկումները զայրացրել են տեխնիկական գիտությունների դոկտոր, արեւային էներգիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանին: Նա այդ քննարկումները համարեց ոչ պրոֆեսիոնալ, ազգադավ եւ ոչ բարոյական: Ատոմակայանի վերանորոգման համար 270 մլն դոլարի վարկը, նրա համոզմամբ, չի ծառայի իր նպատակին, իսկ ատոմակայանի նորոգմամբ անվտանգության աստիճանն ավելի կնվազի, քան այն այսօր կա: «Որոշումներով կամ վերանորոգման խնդիրներով փորձել եւս 10 տարի երկարացնել ատոմակայանի կյանքի տեւողությունը, դա անիմաստ եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»:
Վահան Համազասպյանը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հետաձգումը կապում է Թուրքիայում ատոմակայանների կառուցման հետ: Փորձ է արվում ատոմակայանի կյանքը երկարացնել՝ մինչեւ 2026 թվականը, երբ Թուրքիայում կկառուցվի միանգամից մի քանի ատոմակայան: Ատոմակայանի վերանորոգման հարցն էլ քաղաքական գործիչների խնդիր չէ, այլ մասնագետների, ասաց նա:
Համազասպյանը Հայաստանի ապագան տեսնում է արեւային էներգետիակայի մեջ։ Նա համոզված է, որ այն կարող է Հայաստանի տնտեսությունը դուրս բերել զարգացման ուղի: Իր առաջարկն է սփյուռքահայ գործարարների հետ Հայաստանում հիմնել գործարաններ, որոնք երկրի հելիոֆիկացիայի համար կզբաղվեն արեւային տեխնիկայի արտադրությամբ: «Ատոմակայանի վերանորոգման համար հատկացվելիք գումարները լիովին բավարար են, որպեսզի հելիոֆիկացվի Հայաստանի կեսը եւ մենք կստանանք արեւից համարժեք էներգիա՝ երկու հայկական ատոմակայանի չափ: Այսինքն՝ 800 ՄԳՎՏ ժամ էներգիա մենք կարող ենք ստանալ, եթե այդ գումարն ուղղվի մասնավոր հատված, ասենք՝ վարկեր տրամադրեն գյուղացիներին, որ իրենք գնեն արեւային սարքեր»:
Բանախոսն ասաց, որ կան սփյուռքահայեր, որոնք նույնպես հեռանկար տեսնում են այս ոլորտում, սակայն չեն ցանկանում ներդրումներ անել այն բիզնես միջավայրում, որն այսօր ձեւավորվել է Հայաստանում: