ՀասարակությունՑեղասպանություն 100

Ցեղասպանության թանգարան- ինստիտուտը որդեգրել է ցուցադրության նոր քաղաքականություն

aidaavetisyan

Ապրիլի 24-ից  Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի նորացված ցուցասրահը բացեց իր դռները տեղացիների և օտարերկրյա հյուրերի համար: Հենց այդ օրն էլ  թանգարանի պատմության մեջ գրանցվեց  հիշարժան  իրադարձություն՝ միաժամանակ  4 երկրների նախագահներ այցելեցին թանգարան: Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, ըստ  թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն  Սուրեն Մանուկյանի, տպավորված են հեռացել  գիտական կենտրոնից: 

Ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին ընդառաջ պատրաստվել էր  յուրօրինակ ցուցադրություններով: Նախկին երեք ցուցասրահներին գումարվել են ևս 9-ը:  Կարելի է ասել նոր թանգարանն իր դռներն այցելուների առաջ բացել է  ապրիլի 24-ին: Հենց այդ օրն  էլ միաժամանակ 4 երկրների  նախագահներ այցելեցին գիտական այս կենտրոն:

Ցեղասպանության  թանգարանում պահ տված նյութերը վերաբերում են ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլեւ առաջին համաշխարհային պատերազմին։ Այդ պատճառով էլ թանգարանում հյուրընկալված  4 նախագահները հետաքրքրվել են այն ցուցադրություններով, որոնք առնչվում էին իրենց պետության պատմությանը: Օրինակ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետաքրքրել է Մայիսյան հռչակագիրը, որում առաջին անգամ  1915 թվականի իրադարձությունները  որակվել են որպես մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն: Ֆրանսիայի նախագահին հետաքրքրել է Մուսա լեռան հատվածը, որը ներկայացված է «Ժաննա Դ’ Արկ» նավի տեսքով:  Սերբիայի նախագահը հետաքրքրվել է մակեդոնական ջարդերը պատկերող և Մուսա լեռան   հատվածով, Կիպրոսի նախագահին ՝ Զմյուռնիայի կոտորածները։

«Մենք փորձել ենք թանգարանը կառուցել այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր ազգ, այցելելով թանգարան, գտնի իր պատմությունից մի մասնիկ և դրանով իրեն կապի: Եկեք մի բան հասկանանք, որ ճիշտ է 1915 թվականին կատարվել է դաժան ողբերգություն, դա մեր ցավն է, սակայն 21-րդ դարում մարդիկ այնքան են լսում  ողբերգությունների ու հանցագործությունների մասին, որ եթե իրենք իրենց պատմության հետ կապող որևէ դրվագ չտեսնեն, դա իրենց վրա ազդեցություն չի թողնի»,- ասում է թանգարանի փոխտնօրենը։

Թանգարանում նորացված ցուցասրահներում գործում են նաև  անձնական  պատմությունների վրա հիմնված ցուցադրություններ, որոնք, ըստ Սուրեն Մանուկյանի, հոգբանորեն ավելի են ազդում դիտողի վրա: Նախադեպը թուրքական լրատվամիջոցների պատվիրակությունն էր, ովքեր լինելով վերոնշյալ ցուցասրահում միանգամից են արձագանքել որբերի ողբերգությանը։ «Որբերի սենյակ ունենք՝ որբերը և որբանոցներ: Թվում է, թե միակ սենյակն է, որտեղ չկան սպանված մարդու նկարներ ու տեսարաններ։ Հենց այդ սենյակում էլ արտասվել են: Հսկայական որբանոցների նկարները մեծ ազդեցություն թողեցին»։

Թուրք լրագրողները, շրջելով թանգարանում, հետագայում իրենց տպավորությունները կիսում են հոդվածներում՝  հայերը պահանջում են մեծ Հայաստան: Եթե նախկինում իրենց նյութերում հայերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրել են կոշտ մեկնաբանություններով, այս տարի այլ են եղել մոտեցումները, սպասվածից քիչ էր  ագրեսիան, ասում է Սուրեն Մանուկյանը:  Թ

անգարանային մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել նաև  վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում  ձեռք բերված հազարավոր նորահայտ և բնագիր նյութեր:

Ցեղասպանության թանգարանի նյութերը չեն սահմանափակվում միայն  տեղացիներին և հյուրերին  ցուցադրելով, դրանք ներկայացվում են նաև  աշխարհի տարբեր անկյուններում: Փարիզում և Մոսկվայում  արդեն կայացել են ցուցադրությունները, մայիսի 8-ին նման ցուցադրություն նախատեսված է Վաշինգտոնում, մայիսի վերջին  նախապատրաստվում է երկու խոշոր ցուցադրության Նյու-Յորքում: Իսկ հուլիսին կկայանա   Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության կոնգրեսը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընակալի աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 300 ցեղասպանագետների:

Ցուցադրել ավելի
Back to top button