Հասարակություն

Ծնունդները նվազում են, մահերը՝ ավելանում, ցույց է տալիս վիճակագրությունը

lianaeghiazaryan

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հատուկ հետազոտություններով գնահատական է տվել Հայաստանում ժողովրդագրական վիճակին ու մտահոգիչ կանխատեսումներ արել: Սեռի պատճառով չծնված աղջիկ երեխաների թիվը շարունակում է մեր երկրում խնդրահարույց մնալ: Դրան էլ գումարվում է երկրից մեծ թվով տղամարդկանց` արտագնա աշխատանքի մեկնելը, ինչը խաթարում է սեռերի թվային հավասարակշռությունը: Այսօր ամփոփելով այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները՝ ԱՎԾ ներկայացուցիչ Կարինե Կույումջյանը նկատել է` չնայած բնական հավելաճին` բնակչության թվաքանակը նվազում է:

Հայաստանը ժողովրդագրական նոր մտահոգիչ ցուցանիշեր է գրանցում: Ծնունդները նվազում են, մահվան դեպքերը` ավելանում: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 10.251 երեխա` 374-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, տղաներն ավելի շատ, քան` աղջիկները:

Հայաստանի վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել վիճակագրական թվերի մի ամբողջ փաթեթով: Ըստ այդմ` այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը 3 միլիոն 6 800 է, ինչը 0,5 տոկոսով ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Քաղաքներում ավելի շատ մարդ է ապրում, քան գյուղերում` 1 միլիոն 911 հազար` գյուղական վայրերի 1 մլն 95 հազար բնակչի թվի դիմաց:

Տարեսկզբի նկատմամբ բնակչության թիվը նվազել է 3.8 հազարով: Միայն տարեսկզբից Հայաստանից 5600-ով ավելի մարդ է մեկնել, քան` ժամանել, սա արդեն միգրացիայի բացասական ցուցանիշ է, ասում է Կույումջյանը:

Մահվան դեպքերը  հունվար-մարտին նվազել են 2.9 տոկոսով: 2015թ. հունվար- մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 122.6 տոկոս: Վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետը նկատում է` արյան շրջանառության հիվանդությունից մահացության դեպքերի  4.7 տոկոսով նվազում է արձանագրվել, բայց բոլոր դեպքերում դրանք բոլոր մահերի կեսն են կազմում: Չարորակ նորագոյացությունները եւ շնչառական ու մարսողական օրգանների ախտահարումները շարունակում են մահերի զգալի մասի պատճառը լինել: Այս տարի, ցավոք, ավելացել են նաեւ դժբախտ պատահարների հետեւանքով մահերը։

Այս տարվա առաջին 3 ամիսներին հանրապետությունում 4.604 ամուսնական զույգ է գրանցվել: Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 3,9 տոկոսով: Սակայն աճել է նաեւ ամուսնալուծությունների թիվը: Ըստ հետազոտությունների արդյունքների` զույգերն ամենաշատն ամուսնալուծվում են 20 եւ ավելի տարի համատեղ կյանք վարելուց հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button