Հասարակություն

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ապրիլի 29-ին աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ
Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։

ՀՀ արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։

«Տարօրինակ ձևով են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը»- նշել է նախարար Նալբանդյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button