ԿարևորՄիջազգայինՑեղասպանություն 100

Բունդեսթագը «ցեղասպանության» բանաձեւը վերջնական տեսքի է բերում

lianaeghiazaryan

Հայոց ցեղասպանության հարցը ներառված է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից քննարկվող թեմաների շարքում: Հիշեցնենք, որ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հանձնարարականով` նշված հանձնաժողովում հարցի շուրջ բանավոր քննարկումները եւ հարց ու պատասխանը նախատեսված էին հենց այսօր:

Քննարկումների արդյունքը պարզ կդառնա առաջիկայում, երբ կներկայացվի մեկ միասնական բանաձեւ, որում կմեկտեղվեն իշխող կոալիցիոն եռյակի, ձախերի եւ կանաչների ներկայացրած 3 բանաձեւերով արտահայտված դիրքորոշումները: Շեշտենք, որ բոլոր 3 բանաձեւերն էլ հայանպաստ են եւ 1915-ի դեպքերին հստակ «Ցեղասպանություն» ձեւակերպումն են տալիս:

Գերմանիայի խորհրդարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Էվա Հաաքեն «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է, թե   Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւը դեռ ինչ ընթացակարգեր պետք է անցնի: Էվա Հաաքեյի տեղեկացմամբ` Հայոց ցեղասպանության հարցի վերջնական բանաձեւը կուղարկվի երկրորդ եւ երրորդ լսումների, այդպիսով նաեւ քվեարկության:

«Դա կարող է մի քանի շաբաթ տեւել: Հստակ ժամկետեր նշել չեմ կարող, քանի որ նիստերի օրակարգը կազմվում է դրանց անցկացմանը նախորդիվ»,- պարզաբանում է Հաաքեն:

Ի դեպ` գերմանական որոշ լրատվամիջոցներ փոխանցում են իրենց տեղեկությունները, որ հարցը պետք է քվեարկության դրվի մինչեւ խորհրդարանական աշխատանքների ամառային դադարը:

Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւի ընդունումը պետք է հաջորդի երկրի եւ խորհրդարանի նախագահների` 1915-ին հայերի ջարդերը կոնկրետ եզրույթով` «Հայոց ցեղասպանություն» բառով կոչելուն:

Ցուցադրել ավելի
Back to top button