Հասարակություն

Քրեական գործ է հարուցվել նաեւ դատավորին կաշառք տվողի նկատմամբ

ՀՔԾ-ում նոր քրեական գործ է հարուցվել: Այս անգամ՝ Լոռու մարզի դատարանի ընդհանուր իրավասության դատավոր Խաչատուր Խաչատրյանին կաշառք տված գործարարի նկատմամբ, հայտնում է «Փաստինֆոն»
Թղթակցին այս տեղեկությունը հաստատել են նաև ՀՔԾ-ում՝ հավելելով, որ նոր քրեական գործը հարուցվել է ապրիլի 19-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը:
Հիշեցնենք՝ անցյալ տարի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ: Նախաքննությամբ պարզվել էր, որ դատավորը 2014թ. հուլիսի 23-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել բանկի կողմից «Զոսեկար» ՍՊԸ-ին հարկադրված սնանկ ճանաչելու մասին դիմումը և 2014թ. հոկտեմբերի 2-ին վճիռ կայացրել՝ ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ:
Հետագայում դատավորը ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Կարապետյանի օգտին գործողություններ կատարելու, ՍՊԸ-ի՝ բանկում գրավադրված անշարժ գույքի աճուրդի գործընթացը մինչև 2015թ. մարտ երկարաձգելու և դրանով Սեյրան Կարապետյանին գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց 2014թ. նոյեմբերին գործարարից պահանջել և ստացել էր առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ ըստ նախաքննության՝ ընդհանուր առմամբ 20 հազ. ԱՄՆ դոլարի չափով:
 Այս քրեական գործի նախաքննությունը մարտի 30-ին ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան:
Հիմա էլ, փաստորեն, նոր քրեական գործ է հարուցվել արդեն «Զոսեկար» ՍՊԸ-ի տնօրեն Սեյրան Կարապետյանի նկատմամբ՝ դատավոր Խ.Խաչատրյանին կաշառք տալու փաստով:
Այս նոր գործի նախաքննությունը դեռ շարունակվում է:
Ցուցադրել ավելի
Back to top button