Տեղումնառատ տարի է լինելու


Արարատյան դաշտավայրում ցրտահարության վտանգն անցել է, կարկտահարության վտանգը՝ ոչ: Մայիսին հիդրոօդերևութաբանները տեղումներով առատ ամիս են կանխատեսում: Թե ինչպիսին կլինի ամառն այս տարի, դեռ կանխատեսումներ չկան, հստակ է սակայն` գիտական վերլուծությունը՝ տաք ձմռանը սովորաբար հաջորդում է զով ամառը:
Այս տարվա գարունը կարելի է տեղումնառատ համարել, տեղումները նորմայից ավելի շատ էին ոչ միայն ապրիլին, այլ կլինեն նաև մայիսին: Այս տարին գյուղատնտեսության համար առայժմ բարեհաջող է: ՀՀ ՏԿ և ԱԻՆ Oդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանցն ասում է, որ բացառիկ տարի է՝ Արարատյան դաշտավայրում ցրտահարություն չի արձանագրվել:
Ցրտահարության վտանգն անցել է, սակայն, կարկտահարության դեռ պետք է սպասել։ Մայիսն ու հունիսը, ավանդաբար, իրենց մեջ կարկտահարության վտանգ են պարունակում: Մայիսին անձրևները շատ կլինեն, սակայն հիմնականում գիշերային ժամերին: ՀՀ ՏԿ և ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանցի փոխանցմամբ՝ մայիսի առաջին տասնօրյակում ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, ՀՀ լեռնային շրջաններում՝ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի ու Վայոց ձորի լեռնային շրջաններում, գիշերը սպասվում է օդի ջերմաստիճանի անկում մինչև 0- 5 աստիճան ցրտի սահմաններում, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում ՝ ՀՀ կներթափանցեն տաք օդային հոսանքներ։ Այդ շրջաններում ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև 21-31 աստիճանով:
Իսկ ամսվա երկրորդ ու երրորդ կեսին արդեն օդի ջերմաստիճանը կբարձանա մինչևւ 30-32 աստիճան: Տավուշի մարզում և Լոռիում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի +1+4, ամսվա երկրորդ տասնօրյակում կդիտվի ցերեկային ժամերին ջերմաստիճանի բարձրացում 20- 25 աստիճան:
Սյունիքի հովտային գոտիներում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, իսկ երկրորդ տասնօրյակում ցերեկային ժամերին կդիտվի ջերմաստիճանի բարձրացում մինչև 35 աստիճան:
Երևանում առաջիկա օրերին կդիտվեն որոշակի ցուրտ օդային զանգվածներ, գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև + 5 +7, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում մտատանվի 28- 30 աստիճանի սահմաններում: Առաջիկա օրերին նույնպես սպասվում է անկայուն եղանակ։
Ցիլոնային բնույթի տեղումներ են սպասվում մայիսի 5- 6- ին։ Դրանք կընդգրկեն ամբողջ հանրապետությունը, կլինեն հորդառատ անձրևներ; Այդ օրերին օդի ջեևրմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Մինչև մայիսի 4-ը օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում, մայրաքաղաքում գիշերը պետք է սպասել 11-13, ցերեկը՝ մինչև 24-26 աստիճան։
ՀՀ ՏԿ և ԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանի փոխանցմամբ՝ Սևան լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 2 սմով, մայիսին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 17 -20 սմ։ Ջրամբարում կա 71 տոկոս լցվածություն, որը գերազանցում է անցած տարվա ցուցանիշը, Ազատի ջրամբարում կա 60 տոկոս լցվածություն, Ապարանում՝ 34 տոկոս: «Մենք մեր կանխատեսումներում միշտ նշել ենք, որ այս տարին 1,5-2 անգամ ավելի ջրառատ է, քան՝ անցած տարի»։
Մասնագետները կարծում են, որ տարին տեղումնառատ է, ուստի և ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ պետք է որ չլինեն: