Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Ապրիլի 28-ին Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Միկաել Ժանին՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ հանդես գալու համար` ընդգծելով, որ այն կարևոր համերաշխության դրսևորում էր աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի հետ:

Միկաել ժանը, ընդգծելով, որ ինքը կիսում է ավելի քան մեկ և կես միլիոն մարդու կյանք խլած այս ողբեգության զոհերի հետնորդների վիշտը, նշել է, որ հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագայի կառուցման համար։

Զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր։

Գլխավոր քարտուղարը արժևորել է Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ամենաակտիվ անդամներից մեկի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին։

Այս համատեքստում Միկաել Ժանը կարևորել է այս տարվա աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովը: Մտքեր փոխանակվել են նախարարական հանդիպման նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք օրակարգային հարցերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են  միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը:

Ցուցադրել ավելի
Back to top button