Հասարակություն

Հարցումներ. 18- 25 տարեկանները վստահում են եկեղեցուն, չեն վստահում պետական ինստիտուտներին

lianaeghiazaryan

Ի՞նչ են կարծում 18-25 տարեկան հայ երիտասարդները Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեգծի, մեր երկրի հիմնական խնդիրների մասին եւ պետական կամ մասնավոր որ կառույցներն են վայելում նրանց վստահությունը: Հարցերի պատասխաններն իր հարցումներով փնտրել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը: Հարցման նպատակն է ստանալ հասարակությունում տիրող կարծիքների իրական պատկերը, որպեսզի հետագա աշխատանքներն առավել ճիշտ ուղղորդված ու արդյունավետ լինեն:

Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն. արտաքին քաղաքականության որ ուղղությունն են հայ երիտասարդներն առավել հեռանկարային համարում մեր երկրի համար: Սա այն հարցերից մեկն է, որը «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն առաջադրել է հանրապետության 5 մարզերում եւ մայրաքաղաքում՝  հարցման մեջ ընդգրկված 480 երիտասարդների:

18-25 տարեկան քաղաքացիների կարծիքները բաժանվում են 2 գրեթե հավասար մասի` 42.9 տոկոսը գերադասում է ինտեգրումը Եվրամիությանը, 48 տոկոսը` Եվրասիական տնտեսական միությանը:

Ի՞նչ է ընկած նախընտրության հիմքում, հարցերը մանրամասնել են հարցման կազմակերպիչներն ու առանձնացրել ամենահաճախը տրված պատասխանները` տնտեսական զարգացման ավելի լուրջ հեռանկարներ, անվտանգության երաշխիքներ:

Բայց դիտարկումների մեջ «բայցեր» էլ կան, որոնք ներկայացնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» hակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների, մոնիտորինգի եւ շահերի պաշտպանության համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը: ԵՏՄ-ի դեպքում ակնկալիքները կոնկրետ Ռուսաստանից են, օրինակ` որ գազի գինը չբարձրանա, հայ միգրանտները խնդիրներ չունենան եւ այլն:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն ամփոփել է իր դիտարկումները մեկ այլ հարցի շուրջ եւս: Որո՞նք են Հայաստանի անվտանգության և իրավական պաշտպանվածության սպառնալիքները: Առանձնացված 22 խնդիրներից երիտասարդներն առաջնային են համարել գործազրկությունը` 33 տոկոս, աղքատությունը` 31.5 տոկոս, եւ երրորդ` արտագաղթը` 30 տոկոս:

18-25 տարեկան քաղաքացիները պատերազմի վերսկսկման վտանգը եւ ԼՂ հիմնախնդիրը առավել մեծ խնդիր են համարում, քան՝ կոռուպցիան: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» hակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Դիանա Տեր-Ստեփանյանն այս առումով առանձնացնում է ուշագրավ մի դրվագ. Մարդու իրավունքների խախտումները, ըստ տասնյակ կարեւորության, ընդամենը 5-րդ տեղում են:

Հայ երիտասարդներին ուղղվել է նաեւ հետեւյալ հարցը` պետական եւ ոչ պետական ո՞ր կառույցներն են վայելում իրենց վստահությունը: Առաջին տեղում եկեղեցին է` 68.8 տոկոս: Երկրորդ տեղում հայոց բանակն է, որն արժանացել է հարցված երիտասարդների 65 տոկոսի վստահությանը: Միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունները եւս վստահելի են համարվում: Իսկ ամենաանվստահելի կառույցները առանձնացրել եւ թվարկում է Դիանա Տեր-Ստեփանյանը: « Պետական կառույցները` նախագահի ինտիտուտ, Ազգային ժողով, կառավարություն, արդարադատության ինստիտուտներ, ոստիկանության, գտնվում են վստահության սանդղակի ամենաներքեւի` ամենաանվստահելի հորիզոնականներում»:

Ցուցադրել ավելի
Back to top button