Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ինդոնեզիայում


Ապրիլի 24-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին Ինդոնեզիայում բնակվող հայեր, երկրի հասարակական-քաղաքական և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Ներկաները մասնակցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը, որին հաջորդեց խորհրդանշական ծառատունկի արարողությունը:
Ներկաներին ուղղված իր խոսքում Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը նշեց, որ հատկանշական է, որ մեկդարյա տարելիցի այս օրը աշխարհասփյուռ հայության կողմից Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը միանում է նաև Ինդոնեզիայի փոքրաթիվ հայությունը, քանզի 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը անմասն չի թողել գրեթե ոչ մի հայկական ընտանիք:
Այնուհետև միջոցառման մասնակիցները ուղիղ հեռարձակմամբ հետևեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Երևանում տեղի ունեցող հիշատակման միջոցառումներին: