Հայաստանում կստեղծվեն մասնավոր գերեզմանատներ


Ազգային ժողովն այսօր ձայների 92 կողմ, 4 դեմ, 12 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Ձեռնպահ են քվեարկել ԲՀԿ-ի պատգամավորները, դեմ՝ ՀԱԿ-ը:
Օրեսնդրական փոփոխություններով Հայաստանում մասնավոր գերեզմանատների հիմնադրում է նախատեսվում: Ըստ փաթեթի՝ դրանք հիմնելու համար անհրաժեշտ կլինի թույլտվություն ստանալ պետական տարբեր մարմիններից:
Քվեարկությունից հետո ԱԺ-ն շարունակել է առողջապահական փաթեթի՝ դեռ երեկ սկսված քննարկումը: ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակած փաթեթով կարգավորվում են բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման խնդիրները: Առաջարկվում է նաեւ ստեղծել կադրային բանկ՝ շտեմարան, որում ներառվելու են բուժաշխատողների անհատական տվյալները: Նախատեսվում է նաեւ պատասխանատվության ենթարկել այն բժշկական հաստատությանը, որը կթույլատրի բուժաշխատողին մասնագիտական աշխատանքային պարտականություններն իրականացնել առանց շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի:
Ամփոփոիչ ելույթի ժամանակ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համոզմունք է հայտնել, որ փոփոխությունները բեկումնային են լինելու առողջապահության ոլորտի համար: